Գլխավոր / Մարզեր / Թլիկ գյուղի ջրի խնդիրը չլուծված է մնում․ ԱԱԾ֊ից նոր թույլտվություն է հարկավոր

Թլիկ գյուղի ջրի խնդիրը չլուծված է մնում․ ԱԱԾ֊ից նոր թույլտվություն է հարկավոր

Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղի բնակիչները հունվարի 14-ից ջուր չունեն, և այդ խնդիրը շարունակում է չլուծված մնալ եզդիական կազմակերպությունների ահազանգներից հետո ևս։

Գյուղը ջուր է ստանում սահմանային Ախուրյան գետից՝ պոմպի միջոցով։ Արդեն 20 օր գյուղացիներին չի հաջողվում վերանորոգել իրենց ջրով ապահովող պոմպը, քանի որ այն գտնվում է ռուսական զորքերի ենթակայության տակ գտնվող տարածքում։

Epress.am-ի հետ զրույցում «Եզդիների ազգային կոմիտե» կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը նշել է, որ ռուսաստանյան զորքերի կայանից տեղեկացրել են, որ պոմպը վերանորոգող աշխատողը պետք է թույլտվություն ստանա ԱԱԾ-ից, որի մոտակա գրասենյակը գտնվում է Արմավիրում՝100 կիլոմետր հեռավորության վրա։

«Գյուղացիներն իրենց միջոցով նոր պոմպ են գնել ու մի կերպ կարողացել էին աշխատակցի համար թույլտվություն ստանալ, սակայն նա չի կարողացել վերանորոգել պոմպը ու հիմա կարիք կա, որ մեկ այլ մասնագետ այն վերանորոգի, ինչի համար պետք է նորից 100 կիլոմետր ճանապարհ գնան ու ԱԱԾ-ից թույլտվություն ստանան նոր աշխատողի համար։ Դա էլ հարց է՝ կտան թույլտվություն, թե չէ։ Այս պահին գյուղի ջրի հարցը դեռ մնում է չլուծված»,- ասել է Սուլթանյանը։

Նրա խոսքով՝ գյուղում միշտ էլ ջրի խնդիր է եղել և Ախուրյանից ստացվող ջուրը խմելու համար պիտանի չէ, սակայն գյուղացիները ջուր չունենալու պատճառով այն նաև որպես խմելու ջուր են օգտագործում։