Գլխավոր / Մարզեր / Հայաստանի տների մեծ մասն այս ձմռանը թերջեռուցված է․ հարցում

Հայաստանի տների մեծ մասն այս ձմռանը թերջեռուցված է․ հարցում

Ձմեռվա երկու ամիսներին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում նորմայից ցածր է եղել 2-ից 4 աստիճանով, ինչը, բնականաբար, ազդել է տներում և բնակարաններում առկա ջերմաստիճանի վրա։ Ջեռուցման հետ կապված խնդիրներ են ունեցել նաև Հայաստանի այլ հատվածների բնակիչները, չնայած այնտեղ ջերմաստիճանը նորմայի սահմաններում է եղել։

Epress.am-ը հարցումներ է անցկացրել Երևանի և բոլոր մարզերի 91 տնային տնտեսություններում՝ խնդրելով նշել, թե ինչպիսի ջերմաստիճան է բնակարանների և տների հիմնական ջեռուցվող տարածքում։ Լրագրողական հարցումն անցկացնելիս՝ հենվել ենք «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի 2015 թվականին արված ուսումնասիրության վրա, որում բնակելի տարածքների ջեռուցման տիպերը բաժանված են 4 խմբի՝ անտանելի ցուրտ (մինչև 7 աստիճան), մի կերպ դիմանում ենք (8-14), մոտ է կոմֆորտին (15-18), կոմֆորտ պայմաններ (19-21)։

Մեր հարցմանը մասնակցել են 50 տնային տնտեսություններ Երևանից և 41 մարզային քաղաքներից և գյուղերից։ Հարցվածների մեծ մասը նշել է, որ տան ամբողջ տարածքը հավասարաչափ չի ջեռուցվում․ հիմնական ջեռուցվող տարածքը ճաշասենյակն է, տներում կան տարածքներ, որոնք չեն ջեռուցվում ընդհանրապես։ Մի շարք գյուղերի բնակիչներ Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ երկար պահպանված ցուրտ եղանակի պատճառով ամբողջ ձմեռվա համար նախատեսված վառելափայտը վերջացել է արդեն իսկ հունվարի վերջին։ Հարցումները ցույց են տվել նաև, որ մարդիկ ձգտում են առավել շատ տաքացնել այն տները կամ դրանց մի մասը, որտեղ կան մանկահասակ երեխաներ։

Երևան

Անտանելի ցուրտ (մինչև 7) ֊ 4 տնային տնտեսություն

Մի կերպ դիմանում ենք (8-14) ֊ 17

Մոտ է կոմֆորտին (15-18) ֊ 15

Կոմֆորտ պայմաններ (19-21 և բարձր) ֊ 14

Մարզեր

Անտանելի ցուրտ (մինչև 7) ֊ 0

Մի կերպ դիմանում ենք (8-14) ֊ 16

Մոտ է կոմֆորտին (15-18) ֊ 17

Կոմֆորտ պայմաններ (19-21 և բարձր) ֊ 8