Home / Մարզեր / Գյուղը ջուր չունի․ փչացած պոմպը ռուսական զորքերի ենթակայության տակ գտնվող տարածքում է

Գյուղը ջուր չունի․ փչացած պոմպը ռուսական զորքերի ենթակայության տակ գտնվող տարածքում է

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում. խափանվել է գյուղի ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջրից: Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։

«Գյուղն արդեն քսան օր է ջուր չունի: Գյուղացիներն իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է՝ չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականներն ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան», – նշել է «Սինջարի» ղեկավար Բորիս Մուրազին։

Նրա խոսքով՝ հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչները կենդանիներին ջուր տալու, լվացք անելու հնարավորությունից զրկվել են. «Խմելու ջուր գյուղացիները գնում են դույլերով, իսկ այս պոմպակայանի շնորհիվ կենցաղային այլ կարիքներ էին հոգում: Մարզի իշխանությունները, կարծում եմ, անգործության են մատնված: Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»։