Home / Ազգային ժողով / Չկա մի միջազգային կառույց, որ ուզենա էս երկրի լավը, վստահեցնում է պատգամավորը

Չկա մի միջազգային կառույց, որ ուզենա էս երկրի լավը, վստահեցնում է պատգամավորը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը դժգոհ է Կառավարության՝ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի մասին օրենքները փոփոխելու նախագծից: Այսօր հարցի քննարկման ժանանակ Բագրատյանն ասել է, որ այդ ծրագրի հետ կապված ընդունված օրենքներն արդեն մեծ վնաս են հասցնում պետությանը:

«Հիմա մենք էդ սխալ օրենքները փոխում ենք, ու էդ փոփոխությունների հետ էլի հարցեր են առաջանում», – ասել է Բագրատյանը:

Օրինակ, տնտեսագետին մտահոգում է, որ առաջարկվող փոփոխություններով ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը որոշվում է բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից․ «Նայել եմ. բոլոր երկրներում առնվազն Ֆիննախն ու Կենտրոնական բանկը հավասար են այստեղ»:

Իր ելույթում նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը չափից դուրս մեծ լիազորություններ է ձեռք բերել 2005 թվականի Սահմանադրության ընդունումից ի վեր:

Ինչ վերաբերում է հենց Կուտակային կենսաթոշակային հիմնադրամին, Բագրատյանն ասել է, որ աշխատողների ներդրումները հուսալի չեն: Նա հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վոլովայան վերջերս հայտարարել է, որ Հայաստանը 2025 թվականին մտնելու է ռուբլու գոտի:

«Ի՞նչ ենք անելու կուտակայինի հետ: Ընդունեիք կուտակային օրենք, ինչպես ԱՄՆ-ում է՝ 10 տարին մեկ կապիտալիզացիայի իրավունքով: Ասեցիք՝ Էստոնիա, գնացինք, նայեցինք՝ Էստոնիայում ամենևին էլ այդպես չէ: Չիլին էլ այդպես չի: 45 տարվա հորիզոն չկա: 45 տարվա արժեթղթեր չկան. դա կորած ներդրում ա», – ասել է Բագրատյանը:

Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը մի պատճառաբանություն ունի՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հավանությունը տվել է:

«Տարել եք, մի հատ խաշ եք կերցնում, ասում եք՝ Արժույթի միջազգային հիմնադրամը: Տեղյա՞կ ենք՝ ինչ է կատարվում Արժույթի միջազգային հիմնադրամում: Տեղյակ ենք, որ չկա մի միջազգային կառույց, որ ուզենա էս երկրի լավը: Ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը: Էս երկիրը խանգարում է, դարձել է բոլորի աչքի փուշը, նրանք չեն ուզում, որ դա լուծվի՝ ինչպես հայ ժողովրդի շահն ա պահանջում, ոնց որ մենք այդ շահը պատկերացնում ենք: Եվ ամեն օր սողոսկում են: Արդեն սողոսկել են այն աստիճանի, որ մեր ֆինանսական համակարգը հնարավորույթուն չի տալիս, որ Հայաստանը զարգանա: Հնարավոր չէ Հայաստանը զարգացնել: Ես միայն ցավում եմ, որ նոր վարչապետի գալով ոչինչ չփոխվեց: Կենտրոնական բանկի կայունույթունը, դուք՝ հանրապետականներդ, նույնացրել եք ձեր իշխանության կայունության հետ»,- ասել է Բագրատյանը: