Home / Առողջապահություն / Թլիկ գյուղի խմելու ջրի խնդիրը մասամբ է լուծվել

Թլիկ գյուղի խմելու ջրի խնդիրը մասամբ է լուծվել

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղին ջուր մատակարարող պոմպը վերանորոգվել է, սակայն խմելու ջրի խնդիրը ամբողջովին չի լուծվել։ Եզդիական կազմակերպությունները խնդրի մասին ահազանգել էին երկու օր առաջ՝ նշելով, որ թլիկցիները ջրից զրկված են հունվարի 14-ից․ գյուղացիներին չէր հաջողվում վերանորոգել Ախուրյան գետի մոտ տեղադրված իրենց պոմպը, քանի որ այդ տարածքը գտնվում է ռուսական զորքերի ենթակայության տակ, իսկ այնտեղ աշխատանքներ ծավալելու համար ԱԱԾ֊ից թույլտվություն է հարկավոր։ Այսօր Epress.am֊ի հետ զրույցում «Եզդիների ազգային կոմիտե» կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն ասել է, որ ահազանգի երկրորդ օրը ԱԱԾ աշխատակիցները էլեկտրիկ են բերել տարածք, և 7-8 ժամ աշխատանքից հետո պոմպի խնդիրը լուծվել է։

Սուլթանյանը նշել է, որ, այնուամենայնիվ, թլիկցիների խմելու ջրի խնդիրը լիարժեք լուծված չէ․ նրանք այս պահին խմելու համար օգտագործում են գետի ջուրը, որը չի համապատասխանում սանիտարական նորմերին։

Նրա խոսքով՝ Թլիկում դեռևս ԽՍՀՄ փլուզումից հետո որպես խմելու ջուր օգտագործել են Ախուրյանի ջուրը, իսկ վերջին տարիներին խմելու ջուրը գյուղացիները գնել են։ Դրանք մեծ տարաներով վաճառվել են գյուղում՝ 10 լիտրը 350 դրամով։

«Այս պահին ճանապարհները փակ են, և նրանք վաճառվող ջրից նույնպես չեն կարողանում օգտվել», -ասել է Սուլթանյանը։