Home / Բանակ / Ծառայության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողին չեն վիրահատում․ «ՀԺ»

Ծառայության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողին չեն վիրահատում․ «ՀԺ»

Նախկին զինծառայող Վազգեն Հայրապետյանն ծառայության ընթացքում ավտովթարի է ենթարկվել և վիրահատվել։ Վնասվածք ստացած երիտասարդը երկրորդ վիրահատության կարիքն ունի, բայց այն չի իրականացվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Հայրը` Վահրամ Հայրապետյանը, թերթի հետ զրույցում պատմել է, որ տղան վնասվածք է ստացել նախորդ տարվա օգոստոսի 15-ին: Սյունիքում ծառայող Հայրապետյանն այլ զինվորների հետ միասին մի քանի օրով տեղափոխվել է Երևան` զորահանդեսի փորձերին մասնակցելու, որոնք իրականացվել են Աբովյան քաղաքում: Հերթական փորձի օրը ավտովթար է տեղի ունեցել, և միայն իր որդին է ստացել է մարմնական վնասվածք:

«Զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդոսկրի վզիկի սերտաճող կոտրվածք: Վիրահատություն է կատարվել: Ազդրի շրջանում երկաթներից համապատասխան կոնստրուկցիա է տեղադրվել: Նաև ասել են, որ դա պետք է հանվի չորս ամիս հետո: Բայց․․․արդեն լրանում է վեցերորդ ամիսը», – գրում է թերթը։

Զինծառայողի հոր խոսքով՝ երկրորդ վիրահատությունն անվճար անելու համար պահանջվում է, որ որդին հաշմանդամության կարգ ունենա: Սակայն, նրա խոսքով, այդ «գործընթացը մի իսկական գլխացավանքի է վերածվել և գործնականում անհնարին է թվում»․ «Չեք պատկերացնի, թե ինչ է կատարվում հոսպիտալում: Այստեղից` շտաբ, շտաբից` այնտեղ: Այդքան հերթ կանգնել… Ու վերջում ոչ մեկը կատեգորիկ չի ուզում քեզ ինֆորմացիա տալ հետագա քայլերի մասին»։

Զինծառայողի հայրը նաև ասել է, որ որդին նստել և պառկել չի կարողանում․ «Անվերջ հենակների վրա ոտքը քարշ տալով քայլել չի կարող»։

Որդու վիրահատության հարցով Հայրապետյանը դիմել է Պաշտպանության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ՄԻՊ): ՊՆ-ից հայտնել են, որ խնդիրը գրանցել են և դրան լուծում կտրվի, իսկ ՄԻՊ գրասենյակից պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելն իրենց գործառույթը չէ։

Վահրամ Հայրապետյանին տեղեկություն էր հասել, որ որդուն անհրաժեշտ վիրահատության համար պետությունը բուժհաստատությանը վճարում է ընդամենը 100 հազար դրամ, այն դեպքում, երբ դրա արժեքը 400-600 հազար դրամ է:

«․․․հենց այդ անհամապատասխանությունն էլ պատճառ է դառնում խուսափելու անվճար վիրահատությունից ու սպասել վճարման մասին խոստումների», -թերթի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել զինծառայողի հայրը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով Հայրապետյանին անհրաժեշտ վիրահատության հարցը, թերթի հետ զրույցում ասել է, որ նախարարությունը զբաղվում է խնդրով, և այն անպայման լուծում կստանա: Իսկ թե ինչու մինչև հիմա երկրորդ վիրահատությունը չի կատարվել հարցին, Հովհաննիսյանը պատասխանել է, որ դրանք բժշկական խնդիրներ են և մասնագետները նպատակահարմար չեն գտել: