Home / Շուկա / Կուտակայինի կառավարչի իրավունքներն ավելանում են, աշխատողներինը՝ սահմանափակվում

Կուտակայինի կառավարչի իրավունքներն ավելանում են, աշխատողներինը՝ սահմանափակվում

ՀՀ կառավարությունն առաջարկով այսօր ԱԺ-ն 59 կողմ, 31 դեմ, 3 ձեռնպահ ձայներով փոփոխել է կենսաթոշակային ֆոնդերի գործունեության կարգը սահմանող օրենքները:

«Ներդրումային ֆոնդերի» մասին օրենքը փոխելուց հետո ընդլայնվում է ֆոնդի կառավարչի լիազորությունները: Ֆոնդի կառավարիչը ստանում է նոր իրավունքներ, օրինակ, փոխելու ֆոնդի կանոնները, ընդ որում՝ կատարել նաև այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել ֆոնդում իրենց կենսաթոշակային վճարները պահ տված մարդկանց իրավունքների սահմանափակմանը:

Կառավարիչը նաև նոր իրավունքներ է ստանում բաժնետոմսի հաշվարկային արժեքը հաշվելու առումով: Նոր օրենքով նրան հնարավորություն է տրվում որոշակի կենսաթոշակի համար հաշվարկվող աշխատանքային որոշ օրեր չհաշվարկելու և չհրապարակելու ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե դրա հաշվարկումը պատվիրակված է արտասահմանյան կազմակերպության: Օրինակ, չեն հաշվարկվում արտասահմանյան կազմակերպության համար ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերը (անկախ դրանց աշխատանքային լինելու հանգամանքից):

Նախագծերի համաձայն, կենսաթոշակային ֆոնդերը ստանում են իրավունք ներդրումներ կատարել նաև նոր թողարկված այնպիսի արժեթղթերում, որոնք ենթակա են ցուցակման ֆոնդային բորսայում, սակայն դեռևս չեն ցուցակվել:

Փոխարենը, նոր օրենքով  շատանում են պահառուի պարտականությունները:

Օրինակ, պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով կառավարչին, ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սրանք լուրջ փոփոխություններ են, քանի որ դրանցով․

1․ բարձրացվում է ֆոնդերում պահվող գումարների ռիսկայնությունը, քանի որ նոր թողարկված, դեռևս ֆոնդային բորսաներ չմտած արժեթղթեր գնել թույլ տալը մեծացնում է ներդրման ռիսկը:

2. պակասեցնում են աշխատող անձանց՝ իրենց կատարած կենսաթոշակային ներդրումները հետագայում ֆոնդերից հետ ստանալու ակնկալվող գումարի չափը, քանի որ, փաստորեն, որոշ օրերի համար բաժնետոմսերի արժեքը չեն հաշվելու։

«Երկու տարի անց Ֆոնդերի կառավարիչները փոխում են իրենց պայմանները: Եթե այս տարբերակն առաջարկեին էն ժամանակ, երբ օրենքն ընդնունվում էր, գուցե, այսօրվա կառավարիչները չլինեին կառավարիչ: Այն ժամանակ ավելի գրավիչ պայմաններ ներկայացրեցին, երևի իշխանություններից ունեին խոստում՝ եկեք դառեք, հետո օրենքները կփոփոխենք», – ասել է Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կենսաթոշակային ֆոնդերի դեպքում ամենակարևորը ոչ թե տնտեսվարման գործի մեջ ազատություն ունենալն է, այլ մինիմալ ռիսկայնությունը: Դրա համար ֆոնդը պետք է գնի 100 տոկոսով ոչ ռիսկային արժեթղթեր, օրինակ, նորվեգական նավթային արժեթղթեր: Այդ ֆոնդերի համար շահույթ ստանալը երկորրոդական, երրորդական է, կարևոր ռիսկայնության ցածր լինելն է:

Հիշցնենք, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների կառավարումը վստահվել է միջազգային երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերություններին։