Home / Բանտ / «Սասնա ծռերի» աջակիցը բանտում հացադուլ է հայտարարել․ ի պաշտպանություն նրա՝ ՀՔԾ-ի դիմաց ակցիա էր

«Սասնա ծռերի» աջակիցը բանտում հացադուլ է հայտարարել․ ի պաշտպանություն նրա՝ ՀՔԾ-ի դիմաց ակցիա էր

Երեկ երեկոյան կալանավորված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել։ Վերջինս հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ հարազատների կողմից իրեն ուղարկված մթերքից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի հարազատներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։

Իր հերթին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունն այսօր, ի պաշտպանություն Սարգսյանի, բողոքի ակցիա է անցկացրել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) դիմաց։ Epress.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը նշել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ տարել են նաև մի պայուսակ հաց։

«ՀՔԾ-ի շենքից մեզ փորձեցին դուրս հրավիրել, և մենք հացը դրեցինք դրսում։ Դրանից հետո հացը բաժանել ենք ժողովրդին՝ Հաց բերողի անունից», -ասել է Սիմոնյանը։

Նշենք, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով օգոստոսից կալանավորված Սարգսյանը տառապում է մի շարք հիվանդություններով։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել, սակայն համապատասխան բուժօգնություն չի ստացել։ Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Նրա խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել: Սակայն երեկ երեկոյան դատարանի որոշմամբ նրան կրկին կալանավորել են։

Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկների. ըստ մեղադրանքի, նա «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։