Home / Բանտ / «Սասնա ծռեր» խմբի ծանր հիվանդ աջակցին կրկին կալանավորեցին․ «Ազատություն»

«Սասնա ծռեր» խմբի ծանր հիվանդ աջակցին կրկին կալանավորեցին․ «Ազատություն»

Մի շարք ծանր հիվանդություններով տառապող, «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը կրկին ձերբակալվել է։ Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը և կալանավորել է երկու ամիս ժամկետով։ Այս մասին երեկ երեկոյան գրել է «Ազատություն» ռադիոկայանը։

Կայքի հետ զրույցում Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ դեռևս տեղյակ չեն, թե Սարգսյանին ուր են տեղափոխել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, թե «Դատապարտյալների հիվանդանոց»։

Եգորյանը նաև նշել է, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, իրենք նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը:

Նշենք, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով օգոստոսից կալանավորված Սարգսյանը տառապում է մի շարք հիվանդություններով։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել, սակայն համապատասխան բուժօգնություն չի ստացել։ Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Նրա խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել:

Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նրանց հետ գտնվող բժիշկներին, ըստ մեղադրանքի, «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։