Home / Բանակ / ՊՆ-ն ավելի շատ է ծախսել մեդալներ գնելու վրա, քան բոլոր այլ գերատեսչությունները միասին. Hetq.am

ՊՆ-ն ավելի շատ է ծախսել մեդալներ գնելու վրա, քան բոլոր այլ գերատեսչությունները միասին. Hetq.am

2016 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կառավարությունը 33 մլն դրամ է ծախսել մեդալներ ու կրծքանշաններ ձեռք բերելու համար:  Այս մասին գրում է  hetq.am-ը:   Ամենաշատը մեդալների վրա ծախսել է Պաշպանության նախարարությունը՝  17 միլիոն դրամ: Այս ծախսը մեկ միլիոնով ավել է քան մյուս բոլոր նախարարությունների և Կառավարության աշխատակազմի՝ մեդալների վրա արված ծախսերի հանրագումարը:

Կառավարության աշխատակազմը 2016 թվականին գնել է 75 հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 20 700 դրամ արժողությամբ:  Օրինակ, այդ մեդալով Կարեն Կարապետյանը պարգևատրել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Կրթության և գիտության նախարարությունը մեդալների վրա  5 մլն 280 հազար դրամ է ծախսել: ԿԳՆ-ի գնած մեդալները ամենաթանկարժեքն են կառավարությունում: Շնորհվել է 81 մեդալ ուսման մեջ գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներին և 101 ոսկե հուշամեդալ՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար: Թե ովքեր են պարգևատրվել ներդրած ավանդի համար՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը hetq.am-ին տեղեկություններ չի տրամադրել:

Բնապահպանության նախարարությունը արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերել «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» 7 հուշամեդալ՝ վճարելով 259 հազար դրամ: Բնապահպանության ներկայիս նախարարը ոսկե մեդալով էր պարգևատրվել նախկինում բնապահպանության նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:  Բնապահպանության նախարարության կողմից մեդալ է ստացել նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավո՝ Տաճատ Վարդապետյանը,  ով ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

2016թ. սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեդալների վրա ծախսել է 480 000 դրամ, Մշակույթի նախարարությունը՝ 4 մլն 980 հազար դրամ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝  3 մլն 355 հազար դրամ: