Home / Ազգային ժողով / Հարցեր թեկնածուներին․ ընտրություններից առաջ բովանդակային քննարկումը բացակայում է

Հարցեր թեկնածուներին․ ընտրություններից առաջ բովանդակային քննարկումը բացակայում է

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 30-ից ավել հասարակական կազմակերպությունների անդամներ ընտրությունների բովանդակային հատվածի մասով հարցեր են մշակել կուսակցությունների համար, որոնք շուտով ուղարկվելու են նրանց։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները և քաղաքական գործիչները պետք է պատասխանեն այդ հարցներին, այնուհետև դրանք պետք է ամփոփվեն, մշակվեն և ներկայացվեն հանրային իրազեկման և քննարկումների միջոցով։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Քննարկման մասնակից տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են այն հանգամանքին, որ գալիք ընտրություններում բովանդակային հատվածը բացակայում է, խոսվում է միայն տեխնիկական խնդիրների մասին՝ նոր ընտրական համակարգ, տեխնիկական սարքեր և այլն։ Չի խոսվում կոռուպցիոն խնդիրների, մարդու իրավունքների բնագավառում բավական լուրջ բացթողումների, ինչպես նաև քաղբանտարկյալների առկայության, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական հարցերի մասին։

Ըստ հարցաշարի հեղինակների՝ մշակվող հարցերը լինելու են «շատ կոնկրետ»։ Օրինակ՝ ինչպե՞ս են առաջադրված կուսակցությունները նախատեսում վերացնել կոռուպցիան, ինչպե՞ս են լուծելու քաղբանտարկյալների հարցը, ի՞նչ դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան հակամարտության հարցում և այլ։ Հարցերն ամփոփելուց հետո ծրագրվում է կազմակերպել նաև ընտրություններին առաջադրվող կուսակցությունների ներկայացուցիչների հետ մարզային հանդիպումներ։

Այսօրվա քննարկման մասնակից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ, եթե կուսակցության ներկայացուցիչները խուսափեն ներկայանալ այդ հանդիպմանը, դա կարևոր փաստ կլինի այնքանով, որ նրանք պատասխանատու են իրենց ընտրողների առաջ։

«Մենք, ըստ էության, փորձում ենք մրցակցություն զարգացնել ընտրազանգվածի և կուսակցությունների միջև։ Շատ տարօրինակ է, երբ Հայաստանի նման մի երկրում, որն ունի լուրջ մարտահրավերներ՝ Ղարաբաղի հարցը, տնտեսական մարտահրավերներ, արտաքին և ներքին քաղքականության մարտահրավերներ, չկա դիսկուրս։ Քննարկումը գնում է ոչ թե՝ ով լավագույն առաջարկը կներկայացնի, այլ ով ում հետ կարող է միանալ», -ընդգծել է Սաքունցը։

Բանախոսները անդրադարձել են նաև նրան, թե իրենց հասարակական կազմակերպությունները, բացի հարցաշարը մշակելուց, ինչ քայլեր են իրականացնելու գալիք ընտրությունների հետ կապված։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ իրենց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 1500-1800 տեղամասում դիտորդություն կիրականացնի՝ 3600-3700 դիտորդ ներգրավելով։

Բացի դրանից, իրենց կազմակերպությունը ևս երկու ծրագիր է իրականացվելու՝ տեղամաս առ տեղամաս ընտրական թվերի վերլուծություն և վարչական ռեսուսների չարաշահման դիտարկումը։

Քննարկման մասնակից, Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը երկու բաղադրիչ ունի՝ մեկը՝ նախընտրական հավաքների ժամանակ մոնիտորինգն է, մյուսը՝ զուտ ընտրությունների դիտարկումը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, իր հերթին, ասել է, որ իրենց կազմակերպությունը նույնպես դիտորդություն է իրականացնելու, սակայն փորձելու է «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ չլինել նույն տեղամասում՝ առավելագույն թվով ընտրատեղամասեր ծածկելու համար։ Հաջորդը քայլը Sut.am կայքի միջոցով հետաքննելու են թե՛ այժմ արվող նախընտրական խոստումները, թե՛ նախկինում արվածները՝ որքա՞նով են կատարվել, որքանով չեն կատարվել։

Իոաննիսյանը նաև անդրադարձել է երեկ՝ փետրվարի 13-ին, Հայաստանի մի քանի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որոնց ընթացքում առաջին անգամ գործարկվել են անձնագրի ստուգման համար նախատեսված էլեկտրոնային սարքերը։ Իոաննիսյանի խոսքով՝ Տավուշի մարզի Սեմյոնովկա համայնքում բազմաթիվ մտահոգիչ երևույթներ են նկատվել։ Մասնավորապես, դեպք է եղել, երբ նույն անձը երկու անգամ կարողացել է գրանցվել էլեկտրոնային սարքով, սարքերը նաև ընթերցել են անձնագրի պատճենն այն ընդունելով անձնագրի տեղ։