Home / Բանտ / Վահան Շիրխանյանին մեկուսացրել են, թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ

Վահան Շիրխանյանին մեկուսացրել են, թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ

«Հանցավոր խմբի» գործով 2015-ի դեկտեմբերին ձերբակալված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կատարյալ մեկուսացման են տարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ մինչև այսօր միայն ինքն էր կարողանում այցելել Շիրխանյանին, սակայն փետրվարի 11 -ին, երբ ինքը գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացած փաստաթղթերը ներկայացնելու, նրան արգելել են հանդիպել իր պաշտպանյալի հետ։

Բանտի ղեկավարության պատճառաբանության մեջ նշված է, որ Շիրխանյանը չի համաձայնել դուրս գալ խցից ու գալ տեսակցության սենյակ, քանի որ նշել է, որ չի կարողանում տեղաշարժվել ու միայնակ չի կարող գալ հանդիպման:

«Բոլորին հայտնի է, որ Շիրխանյանը լուրջ առողջական խնդիրներ ունի ու չի կարողանում միայնակ տեղաշարժվել: Բոլոր հանդիպումներին Շիրխանյանը օգնության միջոցով են տեղափոխել տեսակցությունների սենյակ, իսկ այս անգամ, փաստորեն, հրաժարվել են օգնել նրան»,- ասել է Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ ՔԿՀ-ի ղեկավարությանն առաջարկել է, որ ինքն այցելի Շիրխանյանի խուց, սակայն կրկին մերժում է ստացել:

«Դրանից հետո ես պահանջեցի, որ իր գործին վերաբերող Եվրոպական դատարանից ստացած փաստաթուղթը գոնե փոխանցեն, սակայն նորից մերժում ստացա: Սա արդեն ոչ թե անօրինություն է, այլ իրավական սանձարձակություն: Նրանք այս կերպ Շիրխանյանին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի բոլոր միջոցներից և փորձում են հոգեբանորեն կոտրել»,- նշել է Ալումյանը:

Նա համոզված է՝ ՔԿՀ-ի նման վարքը դրսևորվել է այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ Կառավարությունից պահանջել է տեղեկություններ տրամադրել Շիրխանյանի առողջության և նրան տրամադրվող բուժօգնության վերաբերյալ: ՄԻԵԴ֊ը նաև պահանջել է տրամադրել նրա բժշկական բոլոր փաստաթղթերը, որոնք ՔԿՀ-ն երկար ժամանակ թաքցնում է և հրաժարվում է տալ:

Հաջորդ դատական նիստից փաստաբանը ոչ մի ակնկալիքներ չունի, քանի որ համոզված է, որ այս անգամ նույնպես Շիրխանյանին նիստերի դահլիճ չեն բերի. «Այս իրավիճակից դուրս գալու մեր միակ հույսը Եվրոպական դատարանն է, և բարեբախտաբար, Եվրոպական դատարանն արդեն անցել է ակտիվ գործունեությանը»:

Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։