Home / Շուկա / Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Չափագիտության ինստիտուտի մասին

Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Չափագիտության ինստիտուտի մասին

Ինչ խոչընդոտների է հանդիպում գործարարը Հայաստանում, եթե այդ գործարարը նաև ունի քաղաքացիական պատասխանատվություն: Տեսանյութում իր փորձի մասին է պատմում գործարար, ինժեներ Վարդգես Գասպարին:

Ըստ նրա՝ գործարարն ունի երկու ճանապարհ. կամ իր գործունեության հանդիպած բյուրոկրատական խոչընդոտները լուծել «ախպերականով», լեգիտիմացված մաղարիչներ տալով չինովնիկներին, կամ օրինական ճանապարհով: Երկրորդ ճանապարհն ընտրելու դեպքում գործարարն ընկնում է քաշքշուկների մեջ՝ լավագույն դեպքում հարցերը լուծվում են տասնյակ դիմումներից ու պահանջներից հետո։ Դա երկար է տևում, գործարարին հասցվում է մեծ ֆինանսական վնաս, նա կորցնում է հաճախորդների վստահությունը։ Մաքսային մարմինների հետ շփումը, ըստ Գասպարիի, «առանց կանոնների մարտեր» են՝ նման ոստիկանական «բեսպրեդելի»:

Գասպարին պատմում է, թե ինչ խոչընդոտների է ներկրող գործարարը հանդիպում մաքսային մարմիններում, հարկային մարմիններում, և մի քանի մասնավոր կազմակերպություններում, որոնք ձեռնասուն կազմակերպություններ են և ստեղծված են մաքսային մարմինների կողմից կոռուպցիոն նպատակներով:

մանրամասները՝ տեսանյությում

Մաս 1. Չափագիտության ինստիտուտի մասին

Մաքսային մարմինները գործարարից երբեմն պահանջում են Չափագիտության ինստիտուտից տեղեկանքներ՝ ներկրվող ապրանքների ընդունված չափանիշներին համապատասխանության մասին։ Նման պահանջ ստանալուց հետո գործարարը գնում է Չափագիտության ինստիտուտ, որը, իր հերթին, «նմուշառման պահանջ» կոչվող գրություն է տալիս: Գործարարն այդ գրությունը տանում է մաքսատուն, վերցնում ապրանքներից մեկական նմուշ: Չափագիտության ինստիտուտը մի քանի օր հետո տալիս է տեղեկանք: Ամեն մի սարքի համար տեղեկանք ստանալու համար պահանջվում է 3000-5000 դրամ:

Մինչդեռ, նշում է Գասպարին, կա օրենքի կետ, որի համաձայն, եթե ապրանքների քանակը 10-ը չի գերազանցում, Չափագիտության ինստիտուտից տեղեկանք հարկավոր չէ: Մաքսային մարմինները Գասպարիին ասել են, որ Չափագիտության ինստիտուտը այդ դեպքում պետք է տա տեղեկանք այն մասին, որ տեղեկանք հարկավոր չէ:

«Էս սարքավորումները՝ Կորեայից, Թայվանից [ներմուծված], շատ մեծ ճշտության սարքավորումներ են: Դուք ձեր 60-ականների չափիչ սարքերով ո՞նց եք ստուգելու սրանց ճշտությունը: Այդ հարցը, իհարկե, պատասխան չուներ: Ես պահանջեցի իրենց արած չափումների արդյունքները, ես դրանց համար վճարել եմ՝ իմանալով, որ իրենք այդ չափումները չունեն: Ընդամենը թղթի համար վերցված գումար է», – ասում է Գասպարին:

Նրա խոսքով՝ իր հետևողական լինելու արդյունքում իրենից այլևս նման տեղեկանքներ չեն պահանջում: Բայց Գասպարին տեղյակ է, որ այլ ներկրողներ դեռ այդ քաշքշուկով անցնում են․ «Ուղղակի ասում են՝ զահլա չկա: Էս մեկին թողեք»: