Home / Դատարան / Կառավարությունը փորձում է խուսափել ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացուն փոխհատուցում տալուց

Կառավարությունը փորձում է խուսափել ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացուն փոխհատուցում տալուց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ խնդրելով «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործը դատարանի Մեծ Պալատի քննությանը հանձնել: Այս մասին գրում է Аrmtimes.com-ը։

Կոստանյանի դիմումի մասին կայքին ասել է գործով քաղաքացիների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Նա նշել է, որ եթե դատարանը ընդունի Կոստանյանի բողոքը, գործի քննությունը, փաստորեն, նորից կսկսվի:

ՄԻԵԴ-ն ավելի վաղ բավարարել էր հայցվորներ Վարդանյանի և Նանուշյանի հայցերը, թեև հայցվորներին և ՀՀ Կառավարությանը կոչ էր արել վնասի փոխհատուցման հարցը 3 ամսվա ընթացքում քննարկել և հաշտվելու մասին հայտնել ՄԻԵԴ-ին: Հայցվորները իրենց նախնական դիմումում պահանջել էին աննախադեպ մեծ՝ 11 միլիոն եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ այս գործը մեկն է Երևանի Կենտրոն համայնքում որոշ տարածքներ «հանրային գերակա շահ» ճանաչելուց հետո իրենց տներն ու հողատարածքները կորցրած և արդար փոխհատուցում չստացած սեփականատերերի գործերի շարքում:

Վճիռը առանձնանում է ոչ միայն Կառավարությունից պահանջված փոխահտուցման չափով, այլև նրանով, որ ՄԻԵԴ-ը գնահատական էր տվել Հայաստանում գործը քննող դատավորվներից մեկի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործողություններին: Ըստ ՄԻԵԴ վճռի՝ Արման Մկրտումյանի բառապաշարն այս գործի լսումների ընթացքում կասկած է առաջացնում, որ նա եղել է կողմնակալ: Մասնավորապես, Մկրտումյանը հայցվող Վարդանյանին երկու անգամ առաջարկել է վեճը հաշտությամբ կքնել, մի անգամ էլ ասել է, որ «վերջին անգամ է այդ հնարավորությունը տալիս»:

Հայաստանում փաստաբանները Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձաժողովից պահանջում են կարգապահական վարույթ հարուցել Մկրտումյանի դեմ: