Home / Առողջապահություն / Երևանում երթ են անցկացրել՝ պահանջելով ազատել «հաց բերող» Արթուր Սարգսյանին

Երևանում երթ են անցկացրել՝ պահանջելով ազատել «հաց բերող» Արթուր Սարգսյանին

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, մի շարք ծանր հիվանդություններ ունեցող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով այսօր մոտ հարյուր քաղաքացիներ երթով Ազատության հրապարակից շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Ցուցարաները երթի ընթացքում հայտարարում էին, որ Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է և իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն նրան:

Լրագրողների հետ զրույցում երթի մասնակից, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ Արթուր Սարգսյանին անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով բանտից ազատելուց հետո կրկին ձերբակալելն աբսուրդ է:

«Սա միանշանակ անօրինական է, քանի որ արդեն իսկ հաստատաված է, որ Արթուրը հիվանդության պատճառով չի կարող մնալ անազատության մեջ»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել մտնել ՀՀ դատախազության շենք: Նրանց հանդիպել է Դատախազության ներկայացուցիչը, որը երթի մասնակիցներից վերցրել է Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով դիմումը: Ցուցարարները դիմումի հետ միասին նաև խորհրդանշական հաց են փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս «հասկանա հացի արժեքը»:

Դատախազության մոտից ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ևս փոխանցել են իրենց դիմում- պահանջն ու հացը:

Նշենք, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով 2016 թվականի օգոստոսից կալանավորված Սարգսյանը տառապում է մի շարք հիվանդություններով։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել, սակայն համապատասխան բուժօգնություն չի ստացել:

Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Նրա խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, Սարգսյանն ազատ էր արձակվել: Սակայն փետրվարի 9-ին դատարանի որոշմամբ, նրան կրկին կալանավորել են: Կալանավորման օրից Սարգսյանը հացադուլ է հայտարարել, ինչը նրա առողջական վիճակը կարող է ավելի բարդացնել: Սագսյանի փաստաբաններն ու համակիրները պնդում են , որ նրա կալանավորումը անօրինական է:

Դրան հակառակ, ՀՀ գլխավոր դատախազությունն հայտարարույուն էր տարածել՝ նշելով, որ Արթուր Սարգսյանիհիվանդությունը չի դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:

Հիշեցնենք, որ Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկների. ըստ մեղադրանքի, նա «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»: