Գլխավոր / Բանակ / ՊՆ-ն հրաժարվել է միակողմանի ծնողազուրկ զինվորին տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս

ՊՆ-ն հրաժարվել է միակողմանի ծնողազուրկ զինվորին տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս

ՀՀ Պաշտպանությանը նախարարությունը հրաժարվել է Գյումրու բնակիչ, զինծառայող Հուսիկ Կիրակոսյանին իր բնակության վայրին մոտ զորամաս տեղափոխել։ Միակողմանի ծնողազուրկ Կիրակոսյանը ծառայում է Լեռնային Ղարաբաղում՝ Ջեբրայիլում։ Այս մասին գրում է Asparez.am։

Կայքի փոխանցմամբ՝ առողջական խնդիրների պատճառով Կիրակոսյանը մեկ տարի ուշ է գնացել ծառայության՝ 2016-ի ամռանը:

Հուսիկի մոր` Ալվարդ Կիրակոսյանի խոսքով, որդին բանակ է մեկնել ոչ լիարժեք առողջական վիճակով: Նրա խոսքով` որդին առողջական խնդիրներ մանկուց է ունեցել: Հուսիկի մոտ ախտորոշվել է խրոնիկական բրոնխիտ: Կիրակոսյանը պատմել է, որ զինվորական հոսպիտալում որդու նշիկաբորբերն են հեռացրել, բայց տղան ֆարինգիտ` ըմպանի հետին պատի բորբոքում է ունեցել: Մայրը վստահեցնում է, որ տղան այսօր էլ առողջական խնդիրներ ունի:

Զինվորի առողջական խնդիրների վերաբերյալ կայքը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։ Նախարարությունից պատասխանել են, որ Հուսիկ Կիրակոսյանը 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ենթարկվել էր վիրահատության` զինվորական հոսպիտալում, իսկ 2017 թվականի հունվարի 20-ին ենթարկվել է բժշկական հետազոտությունների, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ տղայի մոտ նոր հիվանդություններ չեն առաջացել:

«Նշենք, որ Ալվարդ Կիրակոսյանը մեզ փոխանցել էր, որ որդին հիվանդությունը ձեռք է բերել յոթ ամսականում` ցրտահարվածության պատճառով: Վաղ հասակից մինչև բանակ զորակոչվելը տարբեր բժշկական կենտրոններում պարբերաբար բուժումներ է ստացել: Մայրն ասել էր նաև, որ որդուն բանակ տարել են հիվանդանոցից դուրս գրելուց անմիջապես հետո: Ալվարդ Կիրակոսյանը «Ասպարեզին» դիմել էր այն ակնկալիքով, որ պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով որդու միակողմանի ծնողազուրկ լինելու փաստը, Հուսիկին տեղափոխի Գյումրուն համեմատաբար ավելի մոտ զորամաս: Հուսիկ Կիրակոսյանը ներկայում պարտադիր զինծառայությունն անցկացնում է Ջեբրայիլում:

Մեր այն հարցին, թե հնարավոր է Հուսիկ Կիրակոսյանին, որպես միակողմանի ծնողազուրկ, Գյումրուն համեմատաբար մոտ զորամաս տեղափոխել, պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը պատասխանել է. «Հայտնում ենք, որ Հուսիկ Կիրակոսյանը զորակոչվելիս հանդիսացել է միակողմանի ծնողազուրկ: Նրա հայրը՝ Սերյոժա Անդրանիկի Կիրակոսյանը, մահացել է 1997 թվականին, սակայն զորակոչիկը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն՝ չի օգտվել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից և զորակոչվել է ընդհանուր հիմունքներով, քանի որ ունեցել է չափահաս երկու քույր»»,- գրել է կայքը:

Asparez.am-ն ընդգծում է, սակայն, որ Հուսիկ Կիրակոսյանի քույրերն ամուսնացած են և բնակվում են այլ հասցեներում, քույրերից մեկն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Ալվարդ Կիրակոսյանն էլ ունի առողջական և ֆինանսական խնդիրներ: Կինը բնակվում է տնակում՝ վարձով, վարձավճարը չի տվել արդեն երկու տարի: