Home / Մշակույթ / Ինչի մասին է լռում «Կյանք ու կռիվ» ֆիլմը

Ինչի մասին է լռում «Կյանք ու կռիվ» ֆիլմը

Կինովավերագրող Դավիթ Ստեփանյանը՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմի մասին։

Ամիսներ առաջ էկրան բարձրացավ «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմը և տարաբնույթ խոսակցությունների առիթ տվեց հասարակության լայն շերտերին։ Իսկ ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի օրը (հունվարի 28) այն նաև հայտնվեց «Շարմ Հոլիդինգ»-ի յություբյան ալիքում և հեռարձակվեց Հանրային Հեռուստաընկերությամբ՝ նորովի բորբոքելով խոսակցությունները։ Մինչ բուն ֆիլմին անդրադառնալն ավելորդ չի լինի նշել արտադրողներին․

ՀՀ պաշտպանության նախարարություն

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն

Sharm Pictures

Առաջին երկուսի մասին չխոսենք՝ խնայելով ընթերցողի ժամանակն ու նյարդերը, իսկ ահա «Շարմ Հոլդինգի» մասին մի քանի խոսք արժե ասել։ Նրանց կայքի «մեր մասին» բաժնում գրված է․

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

գովազդի արտադրության և տարածման,

հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում:

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում:

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

Չմոռանանք նշել, որ «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է Հրանտ Թոխատյանը։ 2013 թվականի մայիսի 5-ից Երևանի ավագանու անդամ՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից: ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» և «Վազգեն Սարգսյան» մեդալակիր։

Ավելացնենք, որ նույն օրը՝ հունվարի 28-ին, զուգահեռաբար «Շարմ Հոլդինգ»-ի ալիքից համացանց նետվեց նաև Միհրան Ծառուկյանի «Նամակ մայրիկին» երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը, եթե հավատանք նշմանը, Ռիտա Սարգսյանն է։ Ինչպես նաև կայացավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին ընդառաջ նկարահանված «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան․ Սերժ և Ռիտա Սարգսյանները ներկա էին:

Վերը շարադրվածից ակներև է, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը ըմբռնելու գործում անպատճառ կվրիպենք, եթե փորձենք այն դիտարկել լոկ որպես առանձին վերցրած խաղարկային ֆիլմ․ արտադրողները և իշխանություններն առնչակից են այստեղ և ջանադրաբար փորձում են «Կյանք ու կռիվը» զուգորդել որոշ սոցիալ-պատմական իրադարձությունների՝ ոչ միայն ֆիլմի ներսում, այլև դրանից դուրս։ Վերջին հատվածում նույնիսկ կարող ենք տեսնել խաղարկային մասին կցորդված տեսաշար՝ բաղկացած Ղարաբաղյան պատերազմի դոկումենտալ նկարահումներից։

Սոցիալական նշանակությունը

Նախ փորձենք հասկանալ, թե ֆիլմն ինչպես է վերականգնում 90-ականների սոցիալական ժամանակը։ Առաջին տեսարանում պատկերված է ուղևորներով գերբեռնված տրոլեյբուս․ մի անծանոթ տղա, հրմշտելով մնացածին, տեղ է ազատում գլխավոր հերոսուհու՝ Աննայի համար։ Ովքեր 90-ականներին օգտվել են հանրային տրանսպորտից, կհիշեն, որ դռներից կախված, ծանր պայմաններում երթևեկելը առօրյա էր դարձել։ Սրա շնորհիվ իսկույն որոշակի կապ է հաստատվում դիտողի հիշողությունների և ֆիլմի միջև, բայց սիրախաղային երանգի պատճառով դրվագին հաղորդվում է ավելի շուտ ռոմանտիզացված, քան սոցիալական բեռնվածություն։ Հիշողությունների հետ կապ հաստատելու սկզբունքով են աշխատում նաև բլոտ խաղալու տեսարանը (այն ժամանակ չափազանց տարածված զբաղմունք), այդ օրերի համար բնորոշ բառապաշարով բակային խոսակցությունները, հիվանդանոցի միջանցքում աշխատող փոքրիկ, սև-սպիտակ հեռուստացույցը, որն էլեկտրաէներգիա չլինելու պատճառով այն տարիներին ավտոմեքենայի մարտկոցից էին միացնում։ Հեռուստացույցը կարծես «մութ ու ցուրտ տարիների» շփոթեցնող, մշուշող ակնարկ լինի․ շփոթեցնող, որովհետև այդ դրվագում էլեկտրալամպերը հիվանդանոցում վառ են, և առարկայի 90-ականներին հատուկ սոցիալական կիրառությունը դրանից զատված է։ Իսկ ահա հասարակությունը կեղեքող իրական խնդիրները՝ վառելիքի և սննդի խիստ սակավությունը, անվերջ հովհարային անջատումները որևէ կերպ չեն շոշոփվում․ բոլոր բնակարաններն ու փողոցները էլեկտրականությամբ լուսավորված են ֆիլմում։

Ղարաբաղյան շարժման մասին՝ կատարյալ լռություն։ Ոչ մի միտինգ։ Կռիվը կա, բայց կռվի սկիզբը՝ առաջացման խորքային պատճառները, չեն քննվում․ այն միշտ եղել է, կա ու կլինի, ինչպես կյանքը։ Չկան նաև հացի հերթից, փողոցներից, տներից զինվորական պատրաստվածություն չունեցող տղամարդկանց ուժով զինկոմիսարիատ տանող և ճակատ չուղարկելու դիմաց $3000 պահանջող սպաներ։ Չկա նահանջի ընթացքում Մարտակերտի հայ գյուղացիներին պատկանող անասունների հոտը էվակուացիայի պատրվակով յուրացնող կապիտանը, որը հետո երկրապահ գեներալ է դառնում, և էլի շատ բաներ չկան 90-ականների սոցիալական իրականությունից։ Փոխարենը կինոյում կա հրամանատար, որը խիստ, բայց ազնիվ մարդ է․ նրան մարմնավորել է ոմանց կողմից սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, որը դերեր խաղալուց զատ, «իրական» կյանքում տոներին այցելում է հայ դիրքապահներին և տեսախցիկի առաջ գոռալով թուրքերեն հայհոյում հակառակ կողմից կրակող ադրբեջանցիներին։ Ֆիլմի ուշագրավ պերսոնաժներից է հակառակորդին տեղեկատվություն փոխանցող «կռիսը», որը սովետական որբանոցում իր հետ միասին մեծացած ընկերոջը՝ հայերի ականջ կտրող Չոռնի Լիսին փրկելու սիրույն դավաճանական արարք է անում, ինչի հետևանքով զոհվում են գլխավոր պերսոնաժներ Աննայի և Արմենի հայրը՝ գնդապետ Տեր-Զաքարյանը, էլի զինվորներ ու անմեղ մարդիկ։ Բայց «կռիսը»՝ Վարդանը, այդ ամենն անում է միայն իր ընկերոջ կյանքը փրկելու համար, իսկ մնացած դեպքերում ազնվորեն կռվում է ադրբեջանցիների դեմ։ Վարդանը դավաճան է, բայց միայն մասամբ։ Ֆիլմում կա նաև հարուստ սփյուռքահայի դուստր, որը բուժքույրություն է անում ռազմաճակատում։ Իսկ տեղացի հարուստների տղաները կրկնաթիվ համարանիշով սպիտակ «Նիվա» են վարում Երևանում և բակի ծերունիներին նեղացնում (-Բիձա, եթե կյանքիցդ հոգնել ես, գնա քեզ Կիևյանից քից)։ Իսկ հերոս, բայց ոչ այդքան հարուստ զինվորներն այդ ընթացքում հանուն հայրենիքի զոհվում են ու զոհվում։ Վերևում արդեն ցույց ենք տվել, որ առանց իշխանությունների գործոնը ներգրավելու՝ ֆիլմն անհնար է լիարժեք ըմբռնել, ուստի տեղին է հիշել Սերժ Սարգսյանի 2016-ի ամանորյա շնորհավորական խոսքից մի հատված․ «Ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար։ Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք։ Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց և նրանք ամենաթանկն են մեզ համար»։ Այս շղթայի տրամաբանական շարունակությունն ապրիլյան պատերազմի մասնակիցներից ոմանց զինգրքույկում համապատասխան նշումը անվավեր անելն է, որպեսզի պետությունը ստիպված չլինի հետո ուսման վարձի հասանելիք զեղչը տրամադրել։ Իսկ ահա զոհվածները ջանադրորեն փառաբանվում են հեռուստաէկարններից և տարաբնույթ կայքերում․ չէ որ նրանք հաց չեն ուզում, ոչ էլ որևէ հավակնություն ունեն այլևս։ Ֆիլմը նույնպես, խոշոր առումով, փառաբանում, առասպելականացնում է զոհվածներին՝ տեղ չթողնելով կենդանի զինվորի համար։

Հեղինակներն, ըստ ամենայնի, մեր օրերը շփոթում են 90-ականների հետ կամ, ավելի շուտ, ֆիլմում 90-ականներին է վերագրվում այն կեղծիքը, որն իշխանությունները կցանկանային այսօր որպես իրականություն ցուցադրել, և մշուշվում կամ ժխտվում է իրականը, որը տեղի է ունենում այսօր և տեղի է ունեցել 90-ականներին։ Այս միտքը դեռ կզարգացնենք քիչ ներքևում՝ ֆիմլում խոսքի աշխատանքը քննելիս։

Արտագաղթը, թերևս, միակ սուր խնդիրն է, որը տեղի ունեցածի փոքրիշատե ադեքվատ արտացոլումն է գտել ֆիլմում։ Չորս ընկերներից երկուսը հեռանում են Հայաստանից, իսկ մյուսները մնում են և զոհվում մարտի դաշտում։ Բայց մեզ վաղուց հայտնի է, որ արտագաղթի մասին ուղիղ խոսելը, նույնիսկ իշխանությունների համար, երբեք էլ առանձնակի խնդիր չի եղել։ Հիշենք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին․ «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի»…

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ