Home / Կանանց իրավունքներ / Կնոջ դաժան սպանությունը․ անտարբեր ոստիկանություն, մեղմ պատիժ

Կնոջ դաժան սպանությունը․ անտարբեր ոստիկանություն, մեղմ պատիժ

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձագանքման Խումբը ներկայացրել է ընտանեկան բռնության հետևանքով սպանված կնոջ ևս մեկ դեպք։  

2015 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանի 38-ամյա բնակիչ Հեղինե Դարբազյանը Մալաթիա թաղամասում գտնվող վարագույրների խանութում դանակի բազմաթիվ հարվածներով դաժանորեն սպանվեց նախկին ամուսնու՝ 39-ամյա Արտակ Առաքելյանի կողմից: Ոստիկանությունը ժամանակին չլսեց կնոջ օգնության խնդրանքները, նախաքննական մարմինը դեպքը քննեց մակերեսորեն: Դատարաններն էլ, իրենց հերթին, սպանության մեջ առանձնակի դաժանություն չտեսան և մեղմ պատիժ սահմանեցին:

Ոստիկանությունն՝ անտարբեր

Ամուսնական համատեղ կյանքի 16 տարիների ընթացքում Հեղինեի և Արտակի հարաբերությունները միշտ լարված են եղել: Ամուսինները պարբերաբար բաժանվել են, հետո, Արտակի կողմից հնչեցված մահվան սպառնալիքներից վախենալով,  Հեղինեն կրկին վերադարձել է նրա մոտ:

Նախաքննական ցուցմունքներում և դատարանում իրենց ելույթներում Հեղինեի անչափահաս երկու երեխաները և հարազատները տարբեր մանրամասներ են պատմել համատեղ կյանքում Արտակի կողմից կնոջ և երեխաների նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքից. ամուսինը Հեղինեին անընդհատ ճնշել, նվաստացրել, ծեծել է, մազերից քարշ տալով ջրանցքն է փորձել գցել, անիմաստ խանդի տեսարաններ սարքել, երեխաներին ժամերով անկյուն է կանգնեցրել:

2010 թվականին, երբ Հեղինեն Արտակի արգելքից հետո փորձել է շփվել իր հարազատների հետ, ամուսնու և նրա հոր կողմից դաժան ծեծի է ենթարկվել։ Չնայած այդ ընթացքում կինը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, սակայն տուժողն ինքն էր թիրախավորվել։ Արտակն ու իր հայրը դիմել էին ոստիկանություն՝ պատճառաբանելով, որ վիճաբանության ընթացքում Արտակի մատը վնասվել է։

Ոստիկանություն հարցաքննության կանչված Հեղինեի վրա, սակայն, կապտուկներ նկատելով, նրան ուղարկել են հետազոտության, որից հետո քրեական գործ էր հարուցվել: Հեղինեի ընտանիքի իրավունքները դատարաններում պաշտպանող փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հետագայում այդ քրեական գործն անհայտ պատճառներով կարճվել է. «Ոստիկանությունն այդ դրվագը երևի դիտել է որպես կենցաղային ֆոնի վրա տեղի ունեցած ինչ-որ բան և որևէ միջոց չի ձեռնարկել»:
Ոստիկանություն Հեղինեն կրկին դիմել է 2015 թվականին: Այս անգամ պատճառն Արտակի կողմից իրեն և եղբորը սպանելու սպառնալիքներն ու հետապնդումներն են եղել: Այդ ժամանակ Առաքելյանին կանչել են ոստիկանություն և միայն պահանջել հեռու մնալ կնոջից:

Հեղինեի սպանության մեջ ոստիկանությունն «իր բաժինն ունի», պնդում է  փաստաբանը:

«Դեռ այն ժամանակ ոստիկանությունը ռեալ չի գնահատել վտանգը, եթե գնահատեր և համապատասխան գործողություններ աներ, գուցե նման բան տեղի չունենար: Ոստիկանությունը գործը պետք է տար քննչական մարմիններին, նրանք էլ պետք է ուսումնասիրեին, թե ինչքանով էին ռեալ սպանության սպառնալիքները: 2010 թվականից արդեն Հեղինեի կյանքը ռիսկի տակ էր, եթե այդ ժամանակ դեպքին գնահատական տրվեր, պատշաճ ընթացակարգով քննությունն ապահովվեր, այս պատկերը չէր լինի, Հեղինեն գուցե փրկվեր»:

Նախաքննական մարմինն՝ իմիջայլոց

Առաքելյանը սպանել է կնոջը «խանդի շարժառիթով» և «ամուսնական անհավատարմության պատճառով». մեղադրականը հենց այսպես կազմվեց՝ միայն ամուսնու նախաքննական ցուցմունքների հիման վրա։
Սեպտեմբերի 27-ին Առաքելյանը որսորդական դանակով մտել է վարագույների խանութ, որտեղ աշխատում էր նախկին կինը, իր խոսքով՝ վիճաբանել են, հետո ինքը, կնոջ վրա նստելով, դանակի հարվածներով սպանել է Հեղինեին:
Մեղադրականում նշված է՝ Առաքելյանը կնոջը սպանել է «քրեական գործով ինքնությունը չպարզված «Նատիկի» հետ սեռական կապ ունենալու, ինչպես նաև Դարբազյանի կողմից 2015 թվականի մայիսի 20-ին իրենց ամուսնական հարաբերությունները դադարեցնելու պատճառով»:

Նախաքննական մարմնի՝ դավաճանության մասին «մատուցած» այս տեղեկատվության հիման վրա էլ հետագայում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացան մի քանի ամիս տևած գրեթե բոլոր դատական նիստերը:
Միայն դատական վերջին նիստերի ժամանակ դատավոր Ռոբերտ Պապոյանն ընդունեց դատախազ Հակոբ Ենոքյանի միջնորդությունը և մեղադրանքից հանեց «ամուսնական դավաճանության» մասին կետը: Իր ճառում դատախազը նշել է, որ ամուսնական դավաճանությունն այդպես էլ չի հաստատվել, բայց եթե անգամ եղած էլ լիներ, չէր կարող հետագայում ազդել գործի ելքի վրա:

Գործով իրականացված նախաքննությունը փաստաբան Սաֆարյանը թերի, մակերեսային և իմիջիայլոց է որակում. «Եթե նախաքննական մարմինը պրիմիտիվության չափանիշներից դուրս գար, ավելի խորանար այն բոլոր հիմքների ու շարժառիթների վրա, որ Արտակ Առաքելյանի համար հիմք են հանդիսացել սպանություն կատարելու, երևի մեղադրանքի սկզբնական ձևակերպումը չէր լինի, որ ամուսնական անհավատարմության պատճառով մարդը սպանություն է կատարել: Նախաքննությունը չքննեց նախորդ բռնության դեպքերը Առաքելյանի կողմից, չբացահայտեց սպանության իրական շարժառիթը»:

Դատարանները՝ մեղմ 

Նախաքննությունն, ըստ էության, ոչինչ չարեց, դատարանն էլ, կարծես, բավական լսեց գործը, սակայն սպանության դեպքը քննեց մեկուսի, առանց անցյալում Արտակի կողմից կնոջ նկատմամբ բռնության, սպառնալիքներին և ճնշումներին  գնահատական տալու, կարծում է փաստաբանը:

Այլևս չդիմանալով ընտանեկան անվերջանալի կռիվներին, ծեծին, արդեն կուտակվող պարտքերին՝ Հեղինեն երեխաների հետ հեռանում է ամուսնուց: Կնոջից բաժանվելուց հետո  էլ Առաքելյանը շարունակում է խանդի տեսարաններ սարքել և կնոջը մեղադրել տարբեր տղամարդկանց հետ կապի մեջ։ «Վառ երևակայությունը» հասցնում է նրան, որ Արտակը սկսում է Հեղինեին մեղադրել ինչ-որ մի թուրք առևտրական Նատիկի հետ կապի մեջ, որի հետ ամուսինները ծանոթացել էին մի քանի ամիս առաջ՝ Թուրքիայում նրանից կտորեղեն առնելու ժամանակ։

«Հեղինեենք ապրանքի դիմաց մոտ 1000 դոլարի չափով պարտք էին այդ մարդուն և ամեն անգամ, երբ պարտքի համար այդ մարդը «սկայպով» զանգել է նրանց, Արտակն է պահանջել, որ Հեղինեն պատասխանի զանգերին: Արտակն իմացել է` ինչի համար է թուրքը զանգում, և եթե նա կասկածեր, հենց այդ ժամանակ կսպաներ Հեղինեին: Իմ կարծիքով՝ նման խանդի դրսևորումն այդ ժամանակ պետք է լիներ, ոչ թե մի քանի ամիս անց, սպասեր, հետո որոշեր, որ պետք է սպանի, դա նորմալ չէ: Թուրքի թեման սկսվել է շահարկվել բաժանվելուց հետո», – պատմում է սպանվածի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը:

Նա պնդում է, որ միայն իրեն պաշտպանելու, իր արածը արդարացնելու և կնոջ անունը սևացնելու համար է Արտակը հետագայում առաջ բերել դավաճանության այդ թեման։

Փաստաբան Սաֆարյանը նույնպես ընդգծում է, որ Հեղինեի անունը հետագայում սևացնելը նրա իրավունքների խախտում է․ «Առաքելյանի պաշտպանությունը կազմակերպվեց ամենակեղտոտ մեթոդներով՝ հանգուցյալի վրա կեղտ շպրտելով։ Առաքելյանը շարունակեց իրավունքի առումով Հեղինեի դեմ դեռ խախտումներ թույլ տալ: Կյանքի իրավունքը խախտեց հերիք չէ, մահից հետո էլ շարունակեց վարկաբեկել»։

Թե ինչպես է ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակը ճնշել կնոջը և երեխաներին, ինչքանով են Հեղինեի՝ ոստիկանությունում տրված բողոքներին ընթացք տվել, դատարանին առանձնապես չհետաքրքրեց:

Դատական նիստերի ընթացքում դատավորը, դատախազը և մեղադրյալի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը (հետագայում Առաքելյանի դիմումի հիման վրա այդ հանրային պաշտպանը փոխվեց-հեղ․) ջանասիրաբար քննում էին հիմնականում Հեղինեի վարքը: Վկաների հարցաքննության ժամանակ ամուսինների անչափահաս երեխաներին հարցեր էին տալիս «ոմն թուրքի» հետ մոր կապի և այն մասին, «թե օրինակ նորմա՞լ է, որ մայրդ կապ է ունեցել թուրքի հետ»:

Իր նախաքննական ցուցմունքում և դատարանում ելույթի ժամանակ Առաքելյանը պնդել է, որ կնոջը սպանել է աֆեկտի վիճակում և զայրույթի պահին, երբ Հեղինեն, իր խոսքով, ասել է, որ լավ է անում, որ դավաճանում է իրեն։ Սպանությունից հետո Հեղինեի երեխաները մորաքրոջը պատմել են, որ հայրը մեկ անգամ չէ, որ խոսել է մորը սպանելու մտադրության մասին։ Մահացածի 12-ամյա դստեր՝ Էլեն Առաքելյանի խոսքով՝ հայրը անգամ պատմել է ծրագրվող սպանության մանրամասները՝ «մորդ հատիկ-հատիկ փրթելու եմ»։

«Սպանությունը պլանավորված է եղել այն օրվանից, երը Հեղինեն հայտնել է, որ այլևս ամուսնու հետ չի ապրելու», – ասել է Քրիստինեն։

Սպանության պահին վարագույրների խանութից կնոջ աղաղակի ձայները լսած մարդիկ մինչև հասել են, արդեն ուշ է եղել։ Խանութի հաճախորդներից մեկը՝ գործով որպես վկա ներգրավված Սաթիկ Կիրակոսյանը, դատարանի դահլիճում պատմել է, որ տեսել է, թե ինչպես է Արտակը դանակով անընդհատ հարվածներ հասցնում Հեղինեին: Երբ մտել է ներս, իր խոսքով, տղամարդն ընդհանրապես ուշադրություն չի դարձրել իրեն, միայն շարունակել է արագ-արագ հարվածել․ «Անմարդկային ղժժոցներ լսեցի, Հեղինեն գոռում էր, օգնություն կանչում: Մեկ էլ տեսա արյունը սելավի նման գցում էր, գոռացի՝ օգնեք»։

Օգոստոսի 23-ին առաջին ատյանի դատարանը Արտակ Առաքելյանին դատապարտեց 11 տարի և 6 ամիս ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին կետով (հասարակ սպանություն)։ Դատարանը որպես մեղմացնող հանգամանք համարեց այն, որ Առաքելյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները։ Դատարանը նաև համարեց՝ հանցանքն առանձին դաժանությամբ չէ կատարված, և այստեղ չկան քր․ օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված պատիժը ծանրացնող հանգամանքներ։ Նշենք, որ այդ հոդվածի 11-րդ կետն ասում է՝ հանցանքն առանձին դաժանությամբ կատարված է համարվում, երբ այն իրականացվում է տուժողին ծաղրուծանակի կամ տանջանքների ենթարկելով։
Դեռևս դատական նիստերի ընթացքում Հեղինեի հարազատները, փաստաբանն անընդհատ բարձրաձայնել են, որ նախաքննական մարմնի կողմից տրված հոդվածը շատ մեղմ է։

«Դատարանը նույնպես քննեց միայն բուն սպանության դեպքը մեկուսի, չգնահատեց և չդիտեց Հեղինեի նկատմամբ կատարված նախորդ ճնշումները։ Երբ նայում ես Արտակի վարքագծին, նա մի օր չէ որ սպանություն է արել, ամեն օր է սպանել Հեղինեին՝ կյանքը թունավորելով ու տանջելով։ Դատարանը հաշվի չառավ Առաքելյանի կողմից ահաբեկումները, սպանությունը կատարելուց առաջ սառնասրտորեն իր անչափահաս երեխաներին սպանության կատարման եղանակը և սպանություն կատարելու գործողությունները շարադրելու տվյալները: Սա սոսկ սպանություն չէր, ինչպես ենթադրում է այն հոդվածը, որով դատվեց Արտակը։ Այստեղ կան նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված առանձնակի դաժանությամբ կատարված սպանության տարրեր։ Բուն սպանության կատարման ժամանակ առկա է կնոջը նվաստացնելու, ակնհայտ ցավ պատճառելու գործողություններ։ Պատիժը մեղմ է և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար», – կարծում է փաստաբանը։

Ինչ վերաբերում է դատարանի գտած մեղմացնող հանգամանքին, փաստաբանի խոսքով՝ դա բացակայում է, քանի որ երեխաները ծնողների բաժանվելուց հետո մշտապես գտնվել են մոր խնամքի տակ, իսկ դեպքից հետո մինչ օրս երեխաները գտնվում են քեռու` Գևորգ Դարբազյանի խնամքի տակ:

Վերաքննիչ դատարան դիմած տուժող կողմը հույս ուներ, որ գոնե այս ատյանը Հեղինեի սպանության դաժան կողմը կտեսնի և կավելացնի Առաքելյանի պատժաչափը։  Այնուամենայնիվ, իր պատասխանում Վերաքննիչը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ ապացուցված համարելով, որ Առաքելյանը ոչ թե տանջել է կնոջը, այլ նրա բազմակի հարվածները եղել են հուզմունքի հետևանք։

«Առաքելյանը սպանությանը նախորդող շրջանում գտնվել է խանդի, լքվածության, արհամարանքի և խոցվածության հետևանքով առաջացած հուզական լարվածության ու գրգռվածության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա։ Դա վկայում է այն մասին, որ ամբաստանյալը տուժողին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորություն չի ունեցել, իսկ հարվածների քանակը պայմանավորված է եղել նրա հուզական լարվածությամբ ու գրգռվածությամբ», – նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։

Իր որոշման մեջ Վերաքննիչ դատարանը թեև  նկարագրել է, թե որն է համարում անողոք ու դաժան սպանություն, սակայն Հեղինեի դեպքում այդ տարրերը չի նկատել․ «․․․առանձին դաժանությամբ սպանություն կատարելու դեպքում հանցավորը ոչ միայն պետք է գործի առանձին դաժան եղանակով, այլև պետք է գիտակցի իր կողմից տուժողին կյանքից զրկելու եղանակի առանձնակի դաժանությունը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա… Առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձին բնութագրող հատկանիշներն են նրա անողոքությունը, անխղճությունը, որոնք դրսևորվել են տուժողին սպանելիս։ Բացի այդ, գործով ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ անողոքությունն ու անխղճությունն ամբաստանյալ Առաքելյանին բնութագրող հատկանիշներ են համարվում, ինչը նա կարող էր դրսևորել սպանություն կատարելու ընթացքում»։

Դատարանը «մոռացավ», որ  կնոջ վրա սպանության պահին չոքած և նրա մարմնի գրեթե բոլոր մասերը դանակով ծակած տղամարդը վերջում հայտարարել է, որ չի զղջում արածի համար։

Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների այս մեղմ որոշումները, թվում էր, թե Վճռաբեկ դատարանում գոնե քննության կառնվեն։ Սակայն Վճռաբեկ դատարանը վերջերս փաստաբանին ուղարկած իր որոշման մեջ նշել է, որ գործը քննության չի առել՝ պատճառաբանելով, որ փաստաբանը խախտել է Վճռաբեկ բողոքը ներկայացնելու  մեկամսյա ժամկետը՝ ուշացումով ներկայացնելով այն։

Փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ իրականում Վերաքննիչ դատարանի վճիռն է իրենց  տրամադրվել 16 օր ուշացումով, իսկ դրանից 15 օր անց արդեն  իրենք ներկայացրել են Վճռաբեկ բողոքը։

«Վճռաբեկ բողոքին կից ներկայացրել եմ նաև Վերաքննիչ դատարանի որոշումը, որից երևում է՝ երբ եմ ստացել Վերաքննիչի փաստաթուղթը։ Անհասկանալի պատճառաբանությամբ, հղում անելով քրեադատավարական օրենսդրության բողոքարկման ժամկետի դրույթներին, Վճռաբեկ դատարանը գտել է, որ ճիշտ է՝ ես ուշ եմ ստացել Վերաքննիչի որոշումը, սակայն իբրև ես չեմ ներկայացրել ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ Ես կարծում եմ՝ իմ ներկայացրած փաստերը բավարար են խախտումը արձանագրելու համար, և այդ պայմաններում Վճռաբեկ դատարանը իրավունք չուներ իմ բողոքը թողնել առանց քննության», -նշել է փաստաբանը: Նա ընդգծել է, որ ցանկության դեպքում Վճռաբեկ դատարանը կարող էր իրենց կողմից ներկայացրած բողոքը հետ վերադարձնել և հնգօրյա ժամկետ տալ՝ թույլ տրված «խախտումը» վերացնելու համար։

«Վճռաբեկ դատարանը ընկել է զուտ ձևականության հետևից և չի էլ ուզել  խորանալ գործի մեջ», -կարծում է Սաֆարյանը։

Հայաստանյան դատարաններից հիասթափված փաստաբանը դաժանորեն սպանված Հեղինե Դարբազյանի իրավունքները վերականգնելու համար  պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։