Գլխավոր / Մարզեր / 54 ընտրող ունեցող համայնքում 74 հոգանոց ընտրացուցակ է եղել․ Azatutyun.am

54 ընտրող ունեցող համայնքում 74 հոգանոց ընտրացուցակ է եղել․ Azatutyun.am

Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում 54 ընտրող կա, սակայն փետրվարի 12-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակում 74 մարդ էր ընդգրկվել, գրում է Azatutyun.am-ը։

Կայքի հետ զրույցում այս համայնքում չընտրված միակ թեկնածու Համլետ Թորոսյանը պնդել է, որ ընտրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

Տարիներ շարունակ գյուղի դպրոցում տնօրենի պաշտոնը զբաղեցրած Թորոսյանն ասել է, որ մարզպետարանից անտառապետին ճնշել են և վերջինս գյուղացիներին ասել է, որ թույլ չի տա անտառ մտնեն, եթե Թորոսյանին ձայն տան։ Բացի դա, ընտրացուցակներում ընդգրկվել են նաև մահացածներն ու գյուղը վաղուց լքած անձինք:

«Ցուցակում մեռածներ էլ կան, ընտրողները 54 հոգի են, եկել է ընտրելու՝ 49 հոգի։ 1988 թվականից գյուղից գնացածներ էլ կան ցուցակում»,- նշել է թեկնածուն:

Կայքի փոխանցմամբ ՝ Սյունիքի մարզպետարանում հերքել են Թորոսյանի մեղադրանքները և վստահեցրել, որ իրենք չեն խառնվել Վարդավանքի ընտրություններին, և իրենց մոտ «մարդկանց վրա ճնշումներ չեն գործադրում»։

Վարդավանքում 40 օրից նոր ընտրություններ կանցկացվեն, իսկ մինչ դա գյուղը կղեկավարի մարզպետարանի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը: