Home / Շուկա / Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Մաքսայինի հսկիչ գները

Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Մաքսայինի հսկիչ գները

Ինչ խոչընդոտների է հանդիպում գործարարը Հայաստանում, եթե այդ գործարարը նաև ունի քաղաքացիական պատասխանատվություն: Իր փորձի մասին է պատմում գործարար, ինժեներ Վարդգես Գասպարին: Շարքի առաջին մասում գործարարը խոսել էր Չափագիտության ինստիտուտի հետ կապված խնդիրների մասին, երկրորդ մասում անդրադարձ է կատարվում «հսկիչ գներին»։

Մաս 2․ Հսկիչ գներ

Գասպարին նշում է, որ ներկրվող ապրանքներն ունեն միջազգային 9 նշանոց կոդեր, որոնց վրա էլ Հայաստանի Հանրապետությունը ավելացնում է ևս 3 նիշ։ Ըստ այդ կոդի է որոշվում վճարվելիք մաքսատուրքը։ Հայաստանը, ըստ գործարարի, անտրամաբանորեն է այդ նիշերն ավելացնում, ժամանակ առ ժամանակ դրանք փոխում է, կոդերը չեն հրապարակվում որևէ կայքում, իսկ այդ թափանցիկության բացակայությունը կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում։

Մասնավորապես, միևնույն տեսակի փոխակերպիչի (տրասֆորմատոր) տարբեր հզորության մոդելների համար տարբեր կոդեր են սահմանվում։ Եղել է դեպք, որ ավելի քիչ հզորության սարքի համար ավելի թանկ «հսկիչ գին» են սահմանել, քան ավելի հզոր սարքի համար։

«Ես բողոքել եմ․ ինչպե՞ս կարող եք միևնույն ապրանքը, նույն գործարանի արտադրանք, նույն պարամետրերով այդքան տարբեր գներ ունենալ։ Ես դիմել եմ, ոչ մի պատասխան, ընդհուպ մինչև դատախազություն դիմել եմ։ Գրություն են տալիս, որը ընդհանրապես իմ հարցի հետ կապ չունի։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կաշառքի պահանջ»,֊ ասել է Գասպարին։

Երբեմն գործարարը, որն արդեն մի քանի անգամ նույն ապրանքը ներկրել է և գիտի՝ որքան է դրա «հսկիչ գինը», հերթական ներկրումից հետո պարզում է, որ «հսկիչ գինը» փոխվել է։