Home / Բանակ / «Ինքնասպանություն չի գործել». զինվորի ծնողները դժգոհ են որդու մահվան գործով քննությունից

«Ինքնասպանություն չի գործել». զինվորի ծնողները դժգոհ են որդու մահվան գործով քննությունից

Տավուշի մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 20-ամյա Արսեն Մխիթարյանի մահվանից անցել է շուրջ 8 ամիս։ Դեպքից անմիջապես հետո զինվորի մահը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն։ Զինծառայողի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, համոզված է, սակայն, որ որդուն սպանել են, իսկ նախաքննական մարմինը շահագրգռված չէ բացահայտել սպանությունը, քանի որ մահվան մեջ մեղավորները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Epress.am-ի հետ զրույցում զինծառայողի ծնողները և նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը պատմել են նախաքննական մարմնի հանդեպ իրենց անվստահության, զինծառայողի մահվան հանգամանքների և չինովնիկներին ուղղված անպատասխան նամակների մասին։

«Իմ էրեխուն սպանել, բերել-դրել են իմ տանը»

2016 թվականի հուլիսի 3-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի «Լույս» մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել էր Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից մի քանի ժամ անց քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Վերջին անգամ հարազատներն Արսենի հետ զրուցել են դեպքի նախորդ օրը՝ հուլիսի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում։ Զինծառայողը զանգել էր՝ շնորհավորելու քրոջ ծննդյան օրը։ Մոր՝ Լուսինե Մխիթարյանի խոսքով՝ որդին շատ նորմալ և ուրախ է եղել. «Ինքնասպանություն գործողի վիճակում չէր»։

Ծնողները նշում են՝ որդու մահվան մասին «իմացել ենք այլ ճանապարհներով»․ «Մեզ շատ վատ ձևով տեղեկացրին…մենք չհասկացանք թշնամու՞ կրակոցից է…հանկարծակի բերեցին… մեզ չեն էլ ներկայացրել [պաշտոնապես]»։

Մեզ հետ զրույցում ծնողները նշեցին, որ չեն հավատում իրենց որդու մահվան հանգամանքների մասին նախաքննական մարմնի կողմից առաջ քաշած վարկածին:

«Իմ էրեխուն սպանել, բերել-դրել են իմ տանը»,- պնդում է հայրը։ Նա հավելում է, որ դեպքի հետ կապված շատ բան գիտի, բայց քանի որ գործը դեռևս նախաքննության փուլում է՝ չի կարող բարձրաձայնել։ Բացի դրանից, «իրանք (նկատի ունի նախաքննական մարմինը-խմբ.) շատ են ընկած դրա հետևից, որ ես ոչ մի բան չասեմ»։

Նշենք, որ որդու մահվանից հետո ընտանիքը թողել է Արմավիր քաղաքի իրենց տունը և տեղափոխվել Երևան. «Էս տունը քանդեցին, դուռը փակել, գնացել ենք»:

Քննիչները մարում են գործը բացահայտելու հույսերը, չինովնիկները՝ ձևական մխիթարում

Դեպքից երկու֊երեք ամիս անց զինծառայողի հայրը և նրա փաստաբան Նորայր Նորիկյանն արդեն դժգոհ էին վարույթն իրականացնող մարմնի գործունեությունից: Այսօր էլ այդ դժգոհությունը չի վերացել։

«Մխիթարյանի մահվանից անցել է արդեն 7-8 ամիս, նախաքննությունը շարունակվում է, բայց նրա մահվան հանգամանքների բացահայտելու ուղղությամբ մենք դեռևս չունենք շոշափելի արդյունքներ, որը հնարավորություն կտար հանգելու որոշակիության՝ կոնկրետ ի՞նչ հանգամանքներում է Արսեն Մխիթարյանը մահացել», – նշել է փաստաբանը: Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռնպահ է մնում պատասխանելու այն հարցին, թե վերջիվերջո, ո՞րն էր Արսեն Մխիթարյանի մահվան պատճառը, ինչը, ըստ Նորիկյանի, նշանակում է, որ վարույթն իրականցնող մարմնի գործողությունները չեն կարող դիտվել բավարար:

Եվ՛ զինծառայողի հայրը, և՛ փաստաբանը պնդում են, որ Մխիթարյանի մահվան մեջ կան մեղավորներ, սակայն նրանք դեռևս քրեական պատասխանատավության չեն ենթարկվել և ազատության մեջ են: Տուժող կողմը նրանց անունները ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին և խնդրել գործի շրջանակներում քննել այդ անձանց վարքագիծը: Հաշվի առնելով, որ գործը նախաքննության փուլում է, տուժող կողմը մեզ հետ զրույցում անուններ չի նշել:

Այնուամենայնիվ, Նորիկյանը պնդել է, որ իրենք լուրջ կասկածներ ունեն, որ մեղավորը կամ մեղավորներն ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ ունեն, այդ թվում՝ զորամասի սպաների շարքում, ովքեր անում են ամեն ինչ մահվան հանգամանքները չբացահայտելու համար: Փաստաբանն ասում է նաև, որ այդ բարձրաստիճան անձանցից մեկը ղարաբաղյան պատերազմի մասնակից է:

«Ոչ մեկը ոչ մի բան չի ասում, ոչ էլ անում են… գործն առաջ չի գնում…7-8 ամիս է սաղ օրը գոռում, գոչում, խնդրում եմ, որ չեն անում, ես ո՞նց գոհ լինեմ: Չկարողացա՞ն պարզել ի վերջո՝ ինքը ինքնասպանությու՞ն է գործել, թե հասցրել են, կամ էդ հասցնողն ո՞վ է, կամ եթե սպանել են, ո՞վ է, ինչի՞ է սպանել… Եթե մարդիկ 8 հոգու մեջ չեն կարում մի բան գտնել, ի՞նչ է նշանակում դա», – հարցեր, որոնց պատասխանները, մահացած զինծառայողի հոր խոսքով, նախաքննական մարմինն ուղղակի չի քննում:

Միայն տուժող կողմի բազմաթիվ բողոքներից և դիմումներից հետո քրեական գործը հետագայում տեղափոխվել է Քննչական կոմիտեի զինվորական հանցագործությունների գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչություն, սակայն կրկին արդյունք չի նկատվել:

Արդար նախաքննության ընթացքն ապահովելու խնդրանքով Մխիթարյանն այս տարվա հունվարի 20-ին բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին և նշել, որ նախաքննական մարմնի նմանատիպ գործելաոճի պատճառով՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կբացահայտվի իր որդու սպանությունը: Մինչ օրս ընտանիքը չի ստացել Սերժ Սարգսյանին ուղղված նամակի պատասխանը:

Զինծառայողի ծնողները հանդիպել են նաև նախկին և գործող պաշտպանության նախարարներին, սակայն ձևական մխիթարանքից բացի, ոչ մի հուսադրող պատասխան չեն ստացել:

Մոր խոսքով՝ Պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանը իրենց հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ուզու՞մ եք անմեղ մարդկանց բռնենք, դատենք, որ դուք ձեզ լավ զգա՞ք»։

Հոր հետաքննությունը. «Էրեխուս նեղել են, մահվան մեջ մեղավորներն ազատության մեջ են»

Մահացած զինծառայողի ծնողները չգիտեն, թե իրենց որդին բանակում ինչ խնդիրներ է ունեցել:

«Մեզ ոչ մի բան չի ասել… Բայց փաստորեն ունեցել է ինչ-որ խնդիր… Դե տղա է… Չի պատկերացրել, որ տենց բանի կարան մարդիկ ընդունակ լինեն»,-պատմում է հայրը։

Նա համոզված է՝ եթե «իր ձեռը տան գործը քննել», հաստատ կբացահայտի եղելությունը: Դեպքից հետո մահացած զինծառայողի հարազատներն իրենք այցելել են զորամաս, զրուցել Մխիթարյանի ծառայակիցների հետ:

Դեպքի օրը, հոր խոսքով, Արսենի հետ եղել են նաև 8 հոգի, որոնք բոլորն էլ միահամուռ նշել են՝ ոչնչից տեղյակ չեն. «Ո՞ր հանցագործը կասի՝ ես հանցագործ եմ»: Իսկ նրանց էլ, որոնք տեղյակ են դեպքից, Մխիթարյանի կարծիքով, վախեցնում են:

«Ո՛չ լսել են, ո՛չ տեսել են, ո՛չ կրակոցի ձեն, ո՛չ մի բան, փաստորեն Արսենը պոստերում մենակ է եղել», – ասել է մայրը։

Նրանում, որ որդուն մի քանի հոգով բանակում նեղել են, հայրը համոզված է: Նա պատմում է, որ անգամ Իջևանի զորամասի զինծառայողներից մեկն իր բարեկամներին ասել է, որ Արսենին «չեն թողել ծառայի»:

Թե ինչ զենքի կրակոցից է վրա հասել Արսենի մահը, արդյոք բռնության հետքեր եղե՞լ են նրա վրա, թե ոչ, տուժող կողմը միայն եզրակացնում է: Դատաբժշկական եզրակացության պատասխանները նրանք դեռ չեն ստացել:

Այնուամենայնիվ, Արթուր Մխիթարյանը վստահ է. «Իր զենքով չի սպանվել իմ երեխեն: Ասում եմ՝ ու՞ր է գնդակը, ասում է՝ չկա…»:

Մահացած զինծառայողի ծնողները չեն տեսել՝ որդու մարմնի վրա բռնության հետքեր եղե՞լ են, թե ոչ. «[Այդ պահին] մենք մեզ լրիվ կորցրել էինք»։

Արթուր Մխիթարյանը որդու հետ

«Բանակը բիզնես է… Ափսոսում եմ, որ ստեղ եմ մնացել»

Դպրոցն ավարտելուց հետո Արսենն ընդունվել էր Երևանի պետական բժշկական համալսարան: Մեկ տարի անց՝ 2015 թվականին զորակոչվել էր բանակ:

«Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ ինքը գնա բանակ, բայց նենց պետությունում ենք ապրում, որ ես հիմա շատ ափսոսում եմ, որ ես ստեղ եմ մնացել ու տենց տղա եմ տվել…», – պատմում է մայրը:

Նրա պնդմամբ՝ ինքնասպանություն վարկածով ամեն ինչ ծածկում են. «Ոնց տեսնում ենք, բոլորն ինքնասպանություն են գործում, որ գնում են բանակ, մարդը նորմալ 18 տարի իր տանը ապրում է, նորմալ հավասարակշռված տղա, հետո գնում է բանակ…»։

Նախագահին ուղղված իրենց անպատասխան նամակում Մխիթարյանը գրել է, որ իր համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ որդու մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին սերժանտ տվեցին: Մեզ հետ զրույցում Մխիթարյանն ասել է, որ սերժանտներից մեկին է կասկածում որդուն նեղելու մեջ:

Երբ Մխիթարյանը պաշտոնների բարձրացման հարցը տվել է Պաշտպանության նախկին և ներկա նախարարներին, նրան ասել են. «Ի՞նչ կապ ունի դա, ուրեմն մի երեխուն, որ մի բան է լինում, մի բան է պատահում, ուրմեն մարդիկ բոլորը մեղավո՞ր են։ Պիտի իրանց աշխատանքի որակավորում չլինի՞, պաշտոնի բարձրացում չլինի՞»։

Իր կողմից անընդհատ հնչող բողոքներից հետո, մահացած զինծառայողի հոր խոսքով, իրեն այլ ճանապարհներով են ճնշել. «Բացարձակապես ուղիղ չեն եկել, ճնշել, բայց միշտ ասել են՝ երեխեք ունես, ընտանիք ունես, գնա, մտածի քո երեխեքի մասին..․ Այլ ճանապարհներով են, այլ մարդիկ են․․․ իրանց գործը իրանք գիտեն՝ ոնց են անում, մենակ ինձանով չի… Շատ փորձառու են…»:

«Էս բանակն աշխարհում ամենաուժեղ բիզնեսն է», -եզրափակում է մահացած զինծառայողի հայրը և պնդում՝ պայքարելու է մինչև վերջ՝ որդու մահվան հանգամանքները բացահայտելու համար: