Գլխավոր / Կանանց իրավունքներ / «Բա տղամարդ ա»․ կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում

«Բա տղամարդ ա»․ կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզում, ի տարբերություն մյուս մարզերի, կանայք ավելի մեկուսացված են և ամուսինների կողմից ավելի հաճախ են ենթարկվում ճնշումների և բռնությունների։ Բացի դա՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով մարզը գերազանցում է անգամ Չինաստանը, որն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Մարզը առանձնահատուկ է նրանով, որ հատկապես այստեղ մեծ է տղամարդկանց կողմից սեզոնային միգրացիան, որի հետևանքով գյուղերում 80-90 տոկոսով կանայք են։

2016 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը կազմակերպել էր քայլարշավ Գեղարքունիքի մարզի 20 գյուղական համայնքներում և 3 քաղաքներում։ Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են շուրջ 5000 կնոջ հետ, որոնց հետ զրուցել կնոջ իրավունքների և դերի, կրթության և սեռական կյանքին վերաբերվող հարցերի մասին։ Քայլարշավի ժամանակ կատարված դիտարկումները և խնդիրներն ամփոփվել են «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» ուսումնասիրության մեջ։

Ընտանիք և ընտանեկան հարաբերություններ

Գեղարքունիքի գյուղերի մեծամասնությունում, բացառությամբ Սևանա լճի ավազանի մոտ գտնվող գյուղերի, աշխատունակ տարիքի տղամարդկանց 80-90% գտնվում է ՌԴ-ում՝ սեզոնային աշխատանքների։ Ամուսինների բացակայության ժամանակ կանանց նկատմամբ վերահսկողությունն իրենց վրա են վերցնում սկեսուրները և սկեսրայրները։

Կանանց հետ անցկացված զրույցների արդյունքում նրանցից շատերը նշել են, որ համոզված են՝ ամուսինները, ՌԴ մեկնելով, հատարիմ չեն մնում իրենց, սակայն դա իրենց համար նորմալ է․ «Բա տղամարդ ա»։

«Դե նոռմալ ա, որ 9 ամիս Ռուսաստանում ապրող մարդն ունենա կապեր, բա տղամարդ ա։ Շատ կանայք են մեր գյուղում դա ընդունում, բայց ինչ կարանք անենք մյուս կողմից, հո դրա համար չե՞ս բաժանվելու։ Կան նաև նենց տղամարդիկ, որ ուրիշ ընտանիք ունեն, երեխեք էլ նոր ռուս կնոջից, այ էտ անընդունելի ա իմ համար, բայց դե էտ ռուս կանայք տենց են էլի, իրանք սիրում են մեր տղամարդկանց» (47 տարեկան կին, գ․ Երանոս)

Շատ կանանց համար ընտանիքի ներսում իրենց նկատմամբ բռնություններն ընդունելի էին, որոշների համար թեկուզ ընդունելի չէին, սակայն նրանք նշել են, որ չեն կարող դրանից դուրս գալ․ ո՛չ համապատասխան կրթություն ունեն, ո՛չ էլ պատկերացնում են՝ ինչպես կարող են ապրել ամուսնալուծված կնոջ պիտակը կրելով։

«Ինչ կնիկ, որ չթակվի ամուսնու կողմից։ Մեր գյուղում բոլոր կանայք էլ ծեծվել են ու կծեծվեն։ Ճիշտը էտա է, տենց են սովորում լավ տան կնիկ լինել»֊(65 տարեկան կին, գ․ Ձորագյուղ)։

Կրթություն և զբաղվածություն

Մարզի գյուղերի մեծամասնությունում շարունակում է տիրել այն պատկերացումը, որ կնոջ ապագան սահմանափակվում է ամուսնությամբ և բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունն այդքան էլ կարևոր չէ։ Եվ այդ պատճառով շատ կանանց թույլ չեն տալիս կրթություն ստանալ։

«Ես թույլ չեմ տվել, որ իմ աղջիկ թոռները դպրոցից հետո գնան սովորելու, որտև կնգա տերը մարդն ա, կպսակվեն, մարդը կորոշի գնան, թե՝ չէ։ Իսկ այ տղա թոռը, բա պարզ ա, պտի կաշվիցս էլ հելնեմ, բայց ուղարկեմ սովորելու, որտև ինքը պտի հետո ընտանիքը պահի, թող կրթություն ունենա, որ հեշտ փող աշխատի»֊ (68 տարեկան կին, Ձորագյուղ)։

Աշխատաշուկայում կանանց ներգրավածությունը մարզում սահմանափակվում է հիմնականում կրթության, սպասարկման և առողջապահության ոլորտներում։ Կանանց պասիվությունը պայմանավորված է նրանով, որ շատ տղամարդիկ սահմանափակում են կանանց աշխատել։

«Դե երբ ամուսնացա, մարդս ասեց, չէ դու կնիկ ես, նստի տունը, պահի քո երեխեքին։ Մինչև ամուսնանալս վարսավիրություն էի անում տնից տուն, բայց երբ ամուսնացա, ասեց՝ վերջ, տունը նստի․․․» (32 տարեկան կին, ք․ Մարտունի)

Չնայած դրան՝ մեծ է կանանց ներգրավածությունը գյուղատնտեսության մեջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք միայնակ մշակում են բավական ընդարձակ հողատարածքներ։

Սեռական և վերարտադրողական առողջություն

Ինչ վերաբերում է սեռական հարաբերություններին և սեռավարակների խնդրին, ապա մարզի շատ համայնքներում բացակայում են դեղատներ, որտեղից հնարավոր է գնել հակաբեղնավորման միջոցներ։ Բացի դրանից՝ ցածր է նաև տեղատվության մակարդակն այդ ոլորտում։ Գյուղական համայնքներում մեծամասաբ տղամարդիկ են որոշում, թե կինն ինչ միջոցից կարող է օգտվել։

«Իմ ամուսինն է որոշում, թե ոնց պիտի պաշտպանվենք, եթե ինքն ասում ա՝ չէ, պիտի առանց պաշտպանվելու հարաբերություններ լինեն, ես ինչ կարամ անել, չնայած ամենաշատն աբորտից եմ վախենում, լավ ա էլի երեխա ունենամ, բայց աբորտ չանեմ» (39 տարեկան կին, Սարուխան)

Բավական մեծ է նաև մարզում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը։ Հատկանշական է այն, որ կանայք հիմնականում ՄԻԱՎ-ը ձեռք են բերում իրենց ամուսիններից սեռական հարաբերությունների միջոցով։ Շատ հաճախ ամուսինները տեղեկացված լինելով հանդերձ, որ ունեն ՄԻԱՎ, չեն զգուշացնում դրա մասին։

Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների թիվը մարզում համարվում է մտահոգիչ։ Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների՝ Գեղարքունիքում արական սեռի նորածինների գերակշռությունն այսօր ավելի բարձր է, քան Չինաստանում, կազմելով՝ 100 աղջիկ ֊ 124 տղա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզի դպրոցներում ավելի շատ տղա երեխաներ են սովորում․ դասարաններ են եղել, որտեղ աղջիկներ ընդհանրապես չեն եղել։

«Մեր գյուղում բոլոր կանայք, ովքեր առաջինն ու երկրորդն ունեցել են աղջիկ, հետո անում են էնքան հղիության ընդհատում, քանի դեռ չի ծնվում տղան։ Ես մի կին գիտեմ, 10 աբորտ ա արել, մինչև չունեցավ տղա։ Ես տարբերություն չեմ դնում տղայի ու աղջկա միջև, բայց դե տղեն կարևոր ա, տղեն տան ծուխը պահողն ա, իսկ աղջիկը գնացող ա, դրա համար մի տղա ունենալը պարտադիր ա։ Համ էլ ամուսինդ մեղկ չի բա, որ ասեն մի տղա չի կարում ունենա», (49 տարեկան կին, Գավառ)։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզն իր տարածքով Հայաստանի ամենամեծ մարզն է։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի տվյալների՝ մարզի բնակչության 32․2%-ը համարվում է աղքատ։