Home / Դատարան / Դատարանում անհայտ անձը լրագրողից խլել է տեսախցիկն ու թույլ չի տվել նկարահանել նիստը

Դատարանում անհայտ անձը լրագրողից խլել է տեսախցիկն ու թույլ չի տվել նկարահանել նիստը

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ քաղաքացիներից մեկը խոչնդոտել է Asparez.am կայքի լրագրողի աշխատանքը։ Լրագրող Անահիտ Սիմոնյանը լուսաբանում էր 2015 թվականի մարտի 28-ին Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դանակահարության առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

Սիմոնյանը Asparez.am֊ում պատմել է, որ նիստի ընթացքում, երբ փորձել է լուսանկարել 2015-ին դանակահարված Հրաչիկ Միրզոյանին, նիստին ներկա քաղաքացիներից մեկը խլել է նրանից տեսախցիկը և պնդել, որ լրագրողը պետք է հեռանա դահլիճից ու այլևս նկարահանումներ չանի։

Սիմոնյանի փոխանցմամբ՝ դատավոր Աշոտ Մանուկյանն արձանագրել է, որ լրագրողի իրավունքները խախտվել են, իսկ չներկայացած անձը դուրս է եկել դահլիճից, այնինչ, իրականում լուսանկարչական սարքն իր ձեռքից խլվել է և միայն դատարանի միջանցքում է Սիմոնյանը կարողացել հետ վերցնել տեսախցիկը։

Գյումրու ավագանու անդամ, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որտեղ իրավապահներին հորդորել է առնվազն 2 օրում ընթացք տալ գործին։ Նա նաև հրապարակել է տեսախցիկը խլած անձի լուսանկարը։