Գլխավոր / Դատարան / Կացնահարված ընտանիքի գործով մեղադրյալը ցուցմունքում իրեն զոհ է ներկայացրել

Կացնահարված ընտանիքի գործով մեղադրյալը ցուցմունքում իրեն զոհ է ներկայացրել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանում այսօր Դավիթ Բալայանի նախագահությամբ տեղի ունեցած  Մանսուրյանների ընտանիքի կացնահարության գործով  առաջին դատական նիստը կարճ է տևել: Ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը խնդրել է իրեն հանրային պաշտպան տրամադրել ու դատավորը հետաձգել է նիստը։ Մարտիրոսյանն իր նախաքննական ցուցմունքում գրել է, որ ոչ թե միտումնավոր  է կացնահարել վնասվածքներից մահացած  Կարինե Մանսուրյանին, բազմակի վնասվածքներ ստացած նրա ամուսնուն՝ Վաչագան Մանսուրյանին և դստերը՝ Թագուհուն, այլ խլել է կացինն ընտանիքի հորից ինքնապաշտպանվելու համար: Մինչդեռ Թագուհի Մանսուրյանը ողբերգական դեպքից հետո լրագրողների հետո զրույցում նշել էր, որ իր նախկին ամուսինը միշտ սպառնացել է իրեն և ընտանիքին և պատահածն իր համար շատ անսպասելի չի եղել:

Թագուհի և Վաչագան Մանսուրյանները դատական նիստին

Վլադիկը և Թագուհին ամուսնացել էին 2014 թվականին։ Ամուսնությունը,  սակայն, կարճ էր տևել և մեկ տարի անց՝ Վլադիկի կողմից կնոջը պարբերաբար ծեծելու և ընտանեկան վեճերի պատճառով նրանք ամուսնալուծվել էին։ Վեճերը սակայն հետագայում չէին դադարել՝ կապված նրանց երեխային տեսակցելու հարցի հետ։

Դատարանի որոշմամբ Մարտիրոսյանը կարող էր տեսակցել երեխային միայն շաբաթական երկու անգամ երկու ժամով։ Կնոջ խոսքով՝ որդուն տեսակցելու համար հայրը միայն մի անգամ է գնացել Դատական ակտերի հարկադիր ծառայություն, որտեղ կազմակերպվում են տեսակցությունները: Հենց այնտեղ էլ սպառնացել է, որ սպանելու է Թագուհուն՝ ասելով նաև, որ երեխան «մինչև երկու տարեկան չի ապրի»։

Բաժանվելուց հետո Մարտիրոսյանը մի քանի անգամ դաժանորեն ծեծել է նախկին կնոջը ինչից հետո հարուցվել էր քրեական գործ: Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը տղամարդուն դատապարտել էր  6 ամիս ազատազրկման, սակայն վճռել է պայմանականորեն չկիրառել պատիժը՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Դատավորը սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Փորձաշրջանը դեռ չավարտված, Վլադիկը կացնահարել է կնոջը և նրա ծնողներին:

2016 թվականի  հուլիսի 7-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Մարտիրոսյանը հերթական անգամ գնացել էր կնոջ տան մոտ, երեխային տեսակցելու հետ կապված «հարցերը լուծելու»: Նորից վիճել են. Թագուհու ընտանիքը իր հերթին, Վլադիկը՝ իր, զանգահարել են ոստիկանություն՝ միմյանց մեղադրելով ծեծի մեջ։ Վլադիկն անգամ զանգել էր շտապ օգնություն և խնդրել  իրեն բուժօգնություն ցուցաբերել՝ պնդելով, որ այդ կռվի ընթացքում վատացել է իր ինքնազգացողությունը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին էլ Մարտիրոսյանն ասել է, որ չի կարող բաժին գնալ ցուցմունք տալու, քանի որ սպասում է շտապ օգնության մեքենային, իսկ  ոստիկանություն կգնա առավոտյան։ Հետո, երբ Թագուհին և մայրը գնացել են ոստիկանության բաժանմունք ցուցմունք տալու, Վլադիկը, ըստ մեղադրականի,  ավտոմեքենայով հեռացել է նրանց տան մոտից։

Մեղադրական եզրակացությունը փաստում է՝ Մարտիրոսյանը, տեղյակ լինելով, որ Թագուհին և մայրը որոշ ժամանակ անց ոստիկանությունից տուն են վերադառնալու, կացին է վերցրել, վերադարձել շենքի մոտ, թաքնվել է մուտքում և, երբ 04։30-ի սահմաններում տեսել է տուն վերադառնող կանանց, բնակարանի դռան մոտ թիկունքից հարձակվել է և սկսել է կացնով հարվածել նրանց: Կանանց ճիչերի վրա օգնության է եկել հայրը, որին Մարտիրոսյանը նույնպես հարվածներ է հասցրել։

Ցուցմունքում, սակայն, Մարտիրոսյանը պնդում է, որ «զոհն» ինքն է։ Դեպքի օրը, ըստ նրա ցուցմունքի, երբ շտապ օգնության աշխատակիցներն իրեն օգնություն են ցույց տվել,  ինքը չի հեռացել շենքի տարածքից, քանի որ վատ է զգացել, լսել է երեխայի լացի ձայնը և մնացել է բակում։ 04։30-ի սահմաններում լսել է նախկին կնոջ և նրա մոր ձայնը և որպեսզի վերջիններիս չհանդիպի, ցանկացել է բարձրանալ 2-րդ հարկ։ Ըստ ամբաստանյալի՝ այնտեղ էլ հանդիպել է Թագուհու հորը՝ կացինը ձեռքին։ Հետո մայր և աղջիկ վրա են հասել և սկսել են քաշքշել իրեն:

Դատախազը մեղադրականում նշում է, որ, Մարտիրոսյանի համաձայն, սկսվել է քաշքշոց և ինքը խլել է կացինը, անկանոն հարվածներ է հասցրել 3-ին էլ։

Վկա Սարգիս Գրիգորյանը, որն առաջինն  է հասել օգնության և տեսել վիրավորվածներին և մեղադրյալին, իր ցուցմունքում պատմել է, որ լսել է, թե ինչպես է Մարտիրոսյանը կացնահարելուց հետո ասել. «Ձեր սենցը…, ստացեք, սպանելու եմ»։ Եվ անգամ երբ հարևանը նրան ուժով ցանկացել է հեռացնել տարածքից, ասել է. «Թող, սրանց սաղին պիտի մորթեմ»։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները, որոնք մի քանի րոպե առաջ մորն ու դստերը «անվտանգ տեղ էին հասցրել», նույնպես իրենց ցուցմունքներում նշել են՝ տղամարդն ասել է. «3-րդին չհասցրի տանեմ»։

Վլադիկ Մարտիրոսյանը  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, (հանցափորձ, երկու և ավելի մարդկանց սպանություն) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցափորձ), և 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք)։

Այսօրվա դատական նիստից հետո տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ նախաքննության արդյունքների և մեղադրանքի հետ կապված այս պահին կոնկրետ դժգոհություն չի կարող հայտնել, իսկ անհարժեշտության դեպքում  դատաքննության արդյունքում բոլոր հարցերը կբարձրացվեն։  Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կատարվածը կարող էր որակվել որպես  առանձնակի դաժանությամբ սպանություն, Պետրոսյանը նշել է. «Այդ մասով որոշակի խնդիրներ կան, ուղղակի տեսության մեջ, տեսաբանները գտնում են, որ այդպես պետք է որակվի։ Բայց դատաքննության ընթացքում այդ հարցին կանդրադառնանք»:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 16-ին։

Հարակից նյութեր՝ Մեդիան՝ իշխանության գործիք․ «Կիսաբաց լուսամուտներ»֊ը և ԶԼՄ֊ների էթիկան