Home / Ազգային ժողով / Վարչապետը փորձել է արդարացնել 460 տոննա կերոսինի ներկրման արգելքը

Վարչապետը փորձել է արդարացնել 460 տոննա կերոսինի ներկրման արգելքը

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է «ԱՐԱԳԳ» ՍՊԸ֊ի կողմից Իրանից ներկրված շուրջ 460 տոննա կերոսինի՝ հայական շուկա մուտքն արգելելու խնդիրն։

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խնդիրը բարձրացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ հոկտեմբերին նորանշանակ վարչապետը խոստացել էր, թե որևէ ներկրողի չի արգելվի ապրանքներ բերել Հայաստան։ «ԱՐԱԳԳ» ՍՊԸ֊ի ապրանքը, սակայն, մաքսային մարմինները հրաժարվել են մաքսազերծել Ագարակի մաքսային գոտում։

«Ձեր հորդորը տեղ է հասել, իմ օգնականը զբաղվում է այդ հարցով։ Ճիշտ եք ասում, որ այնտեղ խնդիր կա։ 460 տոննան, որ եկել է, կերոսին չէ, այլ վառարանային վառելիք։ Այդպիսի սպառում կասկածում ենք, որ ունենք Հայաստանում։ Այդպիսի վառելիքը գնում, խառնվում է կերոսինի հետ ու մենք ունենում ենք անորակ նավթամթերք», ֊ ասել է Կարեն Կարապետյանը։

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, թե իր ձեռքի տակ կա եզրակացություն, որ ներկրված նյութը կերոսին է։

«Ինչ վերաբերում է այն տրամաբանությանը, թե դա կարող է խառնեն այլ ապրանքի հետ, ապա դա նույն է, որ դանակի ներկրումն արգելենք՝ [պատճառաբանելով], թե դրանցով մարդիկ կարող են մարդ սպանել»,֊ ասել է պատգամավորը։

Փաշինյանն ընդգծել է, որ նման խոչընդոտները գործում են ընտրողաբար և ոչ բոլոր գործարարների դեմ։

«Փաստորեն, ինչպես հայտնի գրքում է ասվում, որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան այլ կենդանիները», ֊ ասել է նա։