Home / Բանակ / «Եթե չեմ զոհվել, ոչ մի բա՞ն եմ». ապրիլյան քառօրյայից վերադարձածներին չեն համարում մարտերի մասնակից

«Եթե չեմ զոհվել, ոչ մի բա՞ն եմ». ապրիլյան քառօրյայից վերադարձածներին չեն համարում մարտերի մասնակից

Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղեկություններ են տարածվել, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ անմիջապես դիրքերում եղած մարդկանց զինվորական գրքույկներում մարտական գործողությունների մասնակցելու հանգամանքը հավաստող գրությունները ջնջվել է։ Դրա պատճառով զինվորականները զրկվել են կրթության և առողջապահության ոլորտում նախատեսված համապատասխան զեղչերից։ Այս խնդիրների մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում խոսել են ապրիլյան քառօրյայի մասնակիցները, իրավապաշտպանները և Պաշտապանության նախարարության ներկայացուցիչը։

«Եթե հաջողությամբ մեր դիրքում մարդ չի զոհվել, բայց եթե ինչ-որ մեկը զոհվեր ու ծնողին զանգեիք, չէ՞իք ասի մարտական գործողությունների ժամանակ է զոհվել: Հիմա ինչո՞վ եմ տարբերվում ես։ Եթե ես ու իմ ընկերները հասել ենք այստեղ, ինչո՞ւ չենք համարվում մարտական գործողությունների մասնակից։ Հիմա չգայինք, էդ զոհված զինվորի ընտանիքին տանելու էիք մի մեդալ տայիք ու ասեիք՝ գնաց, զոհվեց հայրենիքի համար․․․ հիմա որ եկել, հասել եմ ստեղ, ես ոչ մի բա՞ն եմ», – ասել է ապրիլյան քառօրյայի ժամանակ Ջեբրայիլում ծառայած Արեգ Ջանոյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի առավոտյան իրենք տագնապ հայտարարելուց հետո բարձրացել են մարտական դիրքեր և մինչև 6-ը եղել առաջնագծում։ Սակայն զինվորական գրքույկում այդ մասին ոչ մի նշում չկա։ Երկու անգամ նախկին զինծառայողը դիմել է ՊՆ, որտեղից էլ պատասխանել են՝ մասնակցել է ոչ թե մարտերին, այլ մարտական հերթապահության է եղել։

Զինծառայողը պնդել է, որ Հայաստանի տարածքում տեղեկայված զորամասերի զինծառայողները, որոնք գնացել են Ղարաբաղ օգնության և անգամ առաջնագիծ չեն հասել, չեն մասնակցել մարտական գործողություններին, բայց նրանց զինգրքույկներում գրվել է, որ իրենք դրանց մասնակից են։ Իսկ առաջնագծում՝ բուն գործողությունների մեջ եղածների գրքույկներում՝ բացակայում է այդ նշումը։

Ապրիլին Հադրութի դիրքերում եղած Ջանիկ Սիմոնյանը նույնպես նշել է, որ մինչև ապրիլի 2-ի 04։00-ի տագնապը, իրենց զգուշացրել էին, որ հակառակորդի կողմից տեղի է ունենալու բացահայտ հարձակում․ «Այսինքն՝ պատերազմ է լինելու»։ Երբ հունիսի 25-ին զինծառայողն իջել է դիրքերից և զորացրվել, նրան նույնպես ասել են, որ մասնակցել է միայն մարտական հերթապահության. «Բայց եթե ես կրակել եմ ու ինձ վրա էլ են կրակել, ինչպե՞ս է դառնում, որ չեմ մասնակցել մարտական գործողություններին»:

Անգամ Թալիշում մարտական հենակետ հետ վերցնելու համար մեդալ ստացած նախկին ժամկետային զինծառայող Պարգև Խաչատրյանին դժվարությամբ են տվել մարտերին մասնակցողի կարգավիճակ: Զինծառայողի քույրը՝ ասուլիսի մասնակից Կարինե Խաչատրյանը, պատմում է, որ մարտական գործողությունների ժամանակ եղբայրը եղել է դիրքերում։ Վերջինս անգամ մյուս զինծառայողների հետ միասին հետ է վերցրել հակառակորդի կողմից գրավված հենակետը։ Դրա համար հետագայում նաև մեդալ է ստացել և զինգրքույկում նշվել է, որ մարտական գործողությանը մասնակցել է:

2017 թվականի հունվարի 20-ին՝ զորացրվելուց առաջ, զինծառայողի քրոջ խոսքով, հավաքել են եղբոր և մյուս զինծառայողների զինգրքույկները, ապա վերադարձել։ Միայն տանը զինծառայողը հայտնաբերել է, որ գրքույկում ջնջում կա․ քրոջ խոսքով՝ բրիտվայով քերված է և «մասնակցություն» բառից առաջ խցկած է «չի» մասնիկը։ Զինծառայողի քույրը նշել է, որ իրենք դիմել են տարբեր ատյաններ, սակայն միայն մամուլում խնդիրը բարձրաձայնելուց հետո, հարցը լուծվել է․ զինգրքույկի կրկնօրինակում գրվել է, որ մասնակցել է մարտերին։

Քննարկման մասնակից, ՊՆ֊ի մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանն ասել է, որ վերոնշյալ երիտասարդները միայն իրենց պարտքն են կատարել և մարտական հերթապահություն են իրականացրել: Ըստ նրա՝ միայն այն մարդկանց զինգրքույկներում է նշվում մարտական գործողության մասնակից, որոնք հենց բուն մարտերին են մասնակցել:

«Հիմա էլ շատերը մարտական հերթապահություն են անում և ոչ պակաս արժանի են մարտերի մասնակցի կարգավիճակ ստանալ», -ասել է նա։

Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ գուցե սկզբում զորամասերի ղեկավարությանը հստակ չի եղել՝ ինչ պետք է նշվեր գրքույկում և հետագայում կանոնակարգվել և որոշվել է, որ միայն մարտերին մասնակցածների գրքույկներում գրառումներ կատարեն: Նա հավելել է, որ միգուցե նորից վերանայեն զինծառայողների ցուցակները և ճշտումներ անեն:

«Գուցե մարդիկ եղել են, որ թվացել է, որ իրենք ներգրավված են եղել մարտերի մեջ, սակայն իրականում դա դեռևս պատերազմ չէր», – ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով Պարգև Խաչատրյանի խնդրին՝ Ավետիսյանը նշել է, որ այդ դեպքում տեղի է ունեցել թերացում, սակայն ինքը չգիտի, թե ինչ-որ մեկը դրա համար պատասխանատվություն կրե՞լ է, թե ոչ։

Հանդիպման մեկ այլ մասնակից Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց հարց է բարձրացրել, թե առհասարակ ինչո՞ւ պետք է զինծառայողներն իրենք դիմեն ՊՆ տարբեր ստորաբաժանումներին, որ իրենց անունները ներառեն ցուցակներում, արդյոք ՊՆ չունի՞ մասնակիցների ցուցակները: Սաքունցի խոսքով՝ եթե ՀՀ պետական այրերը պարբերաբար նշում են, որ Հայաստանը գտնվում է պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում, ապա սահմաններին ծառայող զինվորները պետք է ճանաչվեն պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում ծառայողներ: Ըստ իրավապաշտպանի՝ պետությունը մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների նկատմամբ չի կատարել իր պարտավորությունները և մինչև այսօր չունի այդ ուղղությամբ մշակված քաղաքականություն: