Home / Առողջապահություն / Հայաստանի բանտերում՝ 24 մահացած 10 ամսվա ընթացքում․ զեկույցն առանձնացրել է դեպքերից մեկը

Հայաստանի բանտերում՝ 24 մահացած 10 ամսվա ընթացքում․ զեկույցն առանձնացրել է դեպքերից մեկը

Հայաստանյան բանտերում 2016 թվականին տեղի ունեցած միջադեպերի շարքում Մարդու իրավունքների ԱՄՆ Պետդեպի մարտի 3-ին հրապարակված զեկույցը առանձնացրել է Մխիթար Սարգսյանի մահվան դեպքը, որը գրանցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

«2016 թվականի մարտի 1-ին պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում դատապարտյալ Մխիթար Սարգսյանն ինքնասպան է եղել։ Սարգսյանի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, կարծում է, որ իր ամուսինը սպանվել է այն պատճառով, որ հրաժարվել է խոշտանգել իր խցակից, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ Օգոստոսի 17֊ին տուժողի ընտանիքի շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը հայտնել է, որ Քննչական կոմիտեն կարճել է Սարգսյանի մահվան վերաբերյալ քրեական գործը՝ պատճառաբանելով, որ չի հայտնաբերվել, թե ովքեր են նրան ինքնասպանության հասցրել։ Համաձայն ՀԿ֊ի ղեկավարի, բավարար քննություն չի արվել եզրակացնելու, թե կատարվածը ինքնասպանություն էր, ոչ թե սպանություն»,֊ գրում են զեկույցի հեղինակները։

Մխիթար Սարգսյանի մահից հետո քաղաքացիական ակտիվիստ, գործարար, ինժեներ Վարգես Գասպարին հայտարարել է, որ Սարգսյանին հավանաբար սպանել են իրեն «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգելու համար:

Հայաստանյան բանտերի մասին խոսելիս՝ զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ շատ են մահվան դեպքերը։ «Ըստ պաշտոնական տվյալների՝ 24 դատապարտյալ մահացել է 2016 թվականի 10 ամիսների ընթացքում, 17֊ը՝ հիվանդություններից, 7֊ը՝ ինքնաասպանություն են գործել։ Մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կարծիքով՝ մահացությունների նման մակարդակը պայմանավորված է ոչ միայն բանտերի վատ պայմաններով, այլև այն փաստով, որ բանտերում տիրում է կազմակերպված քրեական համակարգ, աստիճանակարգային հարաբերություններ բանտարկյալների միջև, չկա պատշաճ բուժօգնություն»։

Համաձայն բաներտում հասարակական վերահսկողություն անցկացնող դիտորդական խմբի անդամների, բուժօգնությունը տրամադրելու հարցում բուժանձնակազմը չունի անկախություն և ստիպված է բանտի ղեկավարության թույլտվությունը ստանալ դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուց կամ նրա ֆիզիկական վնասվածքները գրանցելուց առաջ։

Ըստ զեկույցի՝ բանտային պայմանները էլ ավելի վատ են կանանց ՔԿՀ֊ում՝ Աբովյանում, իսկ ԼԳԲՏ+ անձիք առավել խոցելին են․ բանտում տիրող իրավիճակում նրանք շահագործվում են և բռնության ենթարկվում։