Home / Բանակ / Խոշտանգումները և դաժան վերաբերմունքը Հայաստանում լրջագույն խնդիրներ են․ զեկույց

Խոշտանգումները և դաժան վերաբերմունքը Հայաստանում լրջագույն խնդիրներ են․ զեկույց

2016 թվականին Հայաստանում կասկածյալների նկատմամբ ոստիկանական բռնությունը ձերբակալման, կալանավորված լինելու ու հարցաքննությունների ժամանակ շարունակել է լրջագույն խնդիր մնալ։ Այս մասին ասված է մարտի 3-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համաձայն, բռնության ենթարկվածներից շատերը հաղորդումներ չեն ներկայացրել՝ ելնելով հաշվեհարդարի վախից։ Վատ վերաբերմունքը հիմնականում գրանցվում է ոստիկանական բաժիններում, որոնք, ի տարբերություն բանտերի ու ձերբակալված անձանց պահման հաստատությունների, չեն ենթարկվել հանրային մոնիտորինգի։ Ըստ ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի՝ ոստիկանները ձերբակալությունն ինքնին օգտագործում են որպես պատժի միջոց։

«Մի շարք տեղական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ֊ի և Հելսինկյան ասոցիացիայի հաղորդմամբ, հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման ժամանակ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ուժայինները դաժան, անմարդկային ու նվաստատցուցիչ վերաբերմունքի են արժանացրել հավաքների մի շարք մասնակիցներին, լրագրողներին, քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստներին և հասարակ քաղաքացիներին», ֊ ասված է զեկույցում։

Հեղինակներն ընդգծում են, որ հուլիսի 29֊ին, ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների, ոչ ցուցարարների (այդ թվում՝ անչափահասների) և լրագրողների նկատմամբ Էրեբունու բաժնի հարակից վայրերում։ Սարի թաղում ընդդիմադիր առաջնորդների ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի միջև բանակցություններին զուգահեռ, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հրաման է արձակել, որից հետո ոստիկաններն սկսել են պայթուցիկներ նետել ցուցարարների ուղղությամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ, այրվածքներ․ եղել են գազից թունավորման դեպքեր։

«Միաժանակ, քաղաքացիական հագուստով անձինք մահակներով հարձակվել են ցուցարարների ու դեպքերը լուսաբանող լրագրողների վրա՝ թույլ չտալով մարդկանց լքել տարածքը։ Ըստ մարդու իրավունքների ոլորտում գործող ՀԿ֊ների ու դիտորդների՝ հավաքվածներին ցրվելու մասին նախազգուշացնելուց հետո, ոստիկանությունը նրանց չի տվել բավական ժամանակ հրամանին ենթարկվելու համար։ Փոխարենը, բազմաթիվ հաղորդումների համաձայն, ոստիկանները շրջափակման մեջ են առել ցուցարարներին՝ ունենալով նրանց պատժելու, վնասելու ու ձերբակալելու ակնհայտ նպատակ։ Ի հավելումն, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներ էին, ֆիզիկական բռնության են եթարկել ցուցարարների ու լրագրողների։

Պաշտոնական տեղեկության համաձայն, հուլիսի 17֊ից 30֊ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 700 մարդու։ Շատ դեպքերում, անձինք ձերբակալվել են պարզապես որոշակի վայրում գտնվելու պատճառով՝ անկախ նրանից, թե նրանք բողոքի ցույցի մասնակցել են կամ ոչ», ֊ ընդգծում են զեկույցի հեղինակները։

Նրանք անդրադարձ են արել նաև բանակում բռնության վերաբերյալ դեպքերին։ Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ չնայած բանակում բռնության վերաբերյալ հավաստի վիճակագրության բացակայությանը, ոչ պատշաճ կենսապայմանները, կոռուպցիան և հրամանատարների հաշվետվողականության բացակայությունը նպաստել են զինակիցների կամ վերադասների կողմից զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքին ու չարաշահումներին։ ՀԿ֊ների հաղորդմամբ, «հանցավոր արժեհամակարգի» վրա հիմնված ենթամշակույթը խաթարել է զինվորական կարգապահությունն ու հանգեցրել «տղամարդավարի վարքի» հայեցակարգի՝ ստորադասելով կանոնադրական հարաբերությունները։

«Պաշտպանության նախարարության համաձայն, այս ենթամշակույթը զինվորներին թույլ չի տվել հաղորդումներ ներկայացնել հանցավոր վարքի կամ բռնության մասին։ Թեև ռազմական ղեկավարությունը հասկացել է խնդիրն ու ձգտել լուծել այն, որոշ դիտորդներ շարունակում են պնդել, որ հրամանատարները զորակոչիկների նկատմամբ բռնությունը համարում են կարգուկանոնի պահպանման արդյունավետ միջոց։

Հելսինկյան կոմիտեի՝ 38 նախկին զինծառայողների հետ հարցազրույցների վրա հիմնված զեկույցի համաձայն, ռազմական ոստիկանությունը կալանքի տակ գտնվող զինվորներին ենթարկել է ֆիզիկական ու այլ տեսակի բռնության, այդ թվում՝ ծեծի, ռետինե մահակներով հարվածների և նվաստատցուցիչ վերաբերմունքի։ Զինվորների ընտանիքները, իրենց հերթին, պնդել են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկողության տակ են պահել զորամասերի մեծ մասը։ Տարվա ընթացքում եղել են նաև ԶԼՄ֊ների հաղորդումներ, ըստ որոնց՝ կառավարությունն առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդներին ծառայությունից ազատելու փոխարեն, նրանց զինակոչել է բանակ», ֊ նշված է զեկույցում։