Home / Բանակ / ՊՆ-ի դարպասներին ավտոմեքենայով հարվածողը չի կալանավորվել

ՊՆ-ի դարպասներին ավտոմեքենայով հարվածողը չի կալանավորվել

Պաշտպանության նախարարության շենքերից մեկի դարպասներին փետրվարի 23-ին իր ավտոմեքենայով հարվածած Ա․Եփրեմյանը չի կալանավորվել։ Այս մասին Epress.am-ի հարցին ի պատասխան ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Վերջինիս խոսքով՝ դեպքից հետո Եփրեմյանը ձերբակալվել է, վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է։

Տռուզյանը նշել է, որ գործի հետ կապված ավել տեղեկություն չի կարող տալ։

Նշենք, որ դարպասին հարվածելուց հետո ՊՆ հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել էր ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, որի արդյունքում, ըստ Քննչական կոմիտեի, քաղաքացի Եփրեմյանը չէր տուժել։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը՝ որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը):