Home / Ոստիկանություն / Բաթումիում բախումների հետևանքով տասնյակ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել

Բաթումիում բախումների հետևանքով տասնյակ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել

Շաբաթ օրը երեկոյան Բաթումիում տեղի ունեցած զանգվածային բախումների հետևանքով քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել 33 մարդ, այդ թվում՝ 15 ոստիկան, հայտնել է Աջարիայի ինքնավար հանրապետության առողջապահության նախարար  Զաալա Միկելաձեն։

Նրա խոսքով` տուժածները, որոնց պատճառվել էին վնասվածքներ բութ առարկայի ներգործության հետևանքով, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից։

Հիվանդանոցում, ըստ Միկելաձեի, այժմ գտնվում է միայն մեկ անձ, որը, նախնական ախտորոշման համաձայն, ստացել է ուղեղի ցնցում։

Բաթումիի բնակիչների բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ ճանապարհային ոստիկանությունը մի քաղաքացու տուգանել է 200 լարիի չափով։ Վրաստանյան ԶԼՄ-ների համաձայն, տղամարդը, որդու հուղարկավորությունից վերադառնալիս, մեքենան կանգնեցրել է դեղատան մոտ կնոջ համար դեղորայք գնելու նպատակով։ Այդ պահին մեքենային է մոտեցել ճանապարհային ոստիկանությունն ու տղամարդուն տուգանել երթևեկությանը խոչընդոտելու համար։ Վարորդի ու ոստիկանների միջև ծագած վեճից հետո առաջինը, ինչպես նաև նրան օգնել փորձած մեկ այլ քաղաքացի բերման են ենթարկվել։

Դեպքից հետո շուրջ հազար քաղաքացի հավաքվել է Աջարիայի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին, ինչպես նաև՝ ճանապարհային ոստիկանության նոր ղեկավարի հրաժարականը։ Ցուցարարները փորձել են ներխուժել շենք, սակայն հատուկ ջոկատայինները, կիրառելով արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, կանգնեցրել են նրանց։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգերիշվիլին կիրակի առավոտյան հայտարարել է, որ «ոստիկանությունը կիրառել է համաչափ ու տրամաբանական ուժ, իսկ անկարգությունների մանակիցներն ու կազմակերպիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։ Նախարարի խոսքով` բերման է ենթարկվել շուրջ 40 ցուցարար, և ոստիկանությունն այժմ ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։