Գլխավոր / Բանտ / Հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամին տեղափոխել են պատժախուց

Հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամին տեղափոխել են պատժախուց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը հացադուլ է հայտարարել, որից հետո նրան տեղափոխել են պատժախուց։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Հակոբյանը մարտի 12-ից հացադուլ է հայտարարել, իսկ մարտի 13-ին նրան տեղափոխել են պատժախուց։ Հացադուլի պատճառը եղել է այն, որ հիմնարկի 5-րդ մասնաշենքի պայմաններից դժգոհ կալանավորներից մեկը օրեր շարունակ, այդ թվում նաև գիշերները, աղմուկ է հանել և պահանջել, որ իրեն տեղափոխեն այդ մասնաշենքից, իսկ Մարտիրոս Հակոբյանը, բարձրացված աղմուկից դժգոհելով, սկսել է պահանջել, որ իրենց պատշաճ պայմաններ ապահովեն, որպեսզի իրենք կարողանան գոնե գիշերները հանգստանալ։ Հակոբյանի դժգոհելու պատճառով էլ նրան տեղափոխել են պատժախուց։

Նշենք, որ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու և պահելու համար։