Home / Ազգային ժողով / Ընտրացուցակներում մոտ 32 հազար մարդու ծննդյան տարեթիվը նշված չէ․ դիտարկում

Ընտրացուցակներում մոտ 32 հազար մարդու ծննդյան տարեթիվը նշված չէ․ դիտարկում

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին գրանցված 2.564.244 ընտրողներից 31.993-ի դեպքում նշված չէ ծննդյան ամիսն ու տարեթիվը, իսկ 2755 հոգի չունի նշված հստակ հասցե։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ղեկավար Վարուժան Հոկոտյանը՝ ներկայացնելով ընտրություններից առաջ իրենց կենտրոնի կատարած մոնիթորինգի արդյունքները։

«ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական ցուցակում մոտ 2755 ընտրող չունի հստակ հասցե, այսինքն՝ նշված է այսինչ փողոց, բայց չկա ոչ քաղաք կամ մարզ, ոչ բնակարան»,- ասել է Հոկտանյանը։

Նրա փոխանցմամբ՝ քարոզարշավի մեկնարկից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն արդեն գրանցվել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների և նրանց հարազատների դեմ ճնշումների14 դեպք։

«Մոնիթորինգի մասնակիցները գրանցել են նաև ճնշումների դեպքեր մանկավարժների և բուժաշխատողների վրա, որպեսզի նրանք ընտրությունների ժամանակ որոշակի քանակությամբ ձայներ ապահովեն։ Ֆիքսվել է տնօրենների դեմ կիրառված ճնշումների 8 դեպք։ Նման դեպքեր են գրանցվել Գյումրիում, Արտաշատում, Կապանում, Հրազդանում և Երևանում, որտեղ, ի դեպ, գրանցվել է ճնշման դեպք և՛ դպրոցում, և՛ մանկապարտեզում», – ասել է Հոկտանյանը։