Գլխավոր / Ազգային ժողով / Խե՜ղճ հայ հասարակություն, խե՜ղճ հայ կուսակցություններ

Խե՜ղճ հայ հասարակություն, խե՜ղճ հայ կուսակցություններ

Պատմական մի վավերագիր՝ հայկական խորհրդարանական ընտրությունների պատմությունից (1906թ):

Պատվիրակների եւ պատգամավորների ընտրությունները ազգային «Սահմանադիր ժողովի» համար՝ շարունակվում են: Հայ հասարակությունը, հայկական կուսակցությունները, հայ մամուլը զբաղված են այդ ընտրությունների խնդրով: Ասպարեզի վրա մրցում, պայքարում են գլխավորապես երկու կուսակցություններ՝ դաշնակցականները եւ մշակականները:

Ի՞նչ գաղափարների, ի՞նչ լոզունգների շուրջը եւ ի՞նչ ձեւերով է մղվում պայքարը: Ի՞նչ տարբեր խավերի, դասակարգերի ներկայացուցիչներն են այդ կուսակցությունները: Հանուն ի՞նչ նպատակների, ի՞նչ իդեալների են կոտրում նրանք իրենց նիզակները:

Խե՜ղճ հայ հասարակություն, խե՜ղճ հայ կուսակցություններ: Կարելի՞ էր երեւակայել, որ մի այնպիսի ժամանակ, հեղափոխական այս մեծ օրերում, որ ապրում է Ռուսաստանը, նրա սահմաններում բնակվող մի «կուլտուրական» ժողովուրդ կարող է այն աստիճան հասարակական-քաղաքական տհասություն, գաղափարական խեղճություն ու սնանկություն ներկայացնել, որքան այդ ցույց են տալիս ներկա ընտրությունները:

14-15 տարի սրանից առաջ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ, երբ մի կողմից կանգնած էին մշակականները, մյուս կողմից՝ նոր-դարականները, նրանց բանակռվի ու պայքարի մեջ ավելի հասարակական իմաստ եւ գաղափարական բովանդակություն կար, քան այժմյան այդ ընտրությունների մեջ:

Ոչ մի իդեալ, ոչ մի լոզունգ չեք գտնի դուք այն կատաղի կռվի մեջ, որ մղում են միմյանց դեմ կադետ, ազատամիտ, մշակականները եւ quasi-սոցիալիստ դաշնակցականները: Պայքարը մղվում է բացարձակապես միմիայն անձնավորությունների շուրջը, կրում է զուտ թայֆայական բնավորություն: Իսկ ինչ վերաբերում է կռվի ձեւերին, դա արդեն միանգամայն սոսկալի ու ապշեցուցիչ է:

Ոչ մի սրբություն չեն ճանաչում մարդիկ. բռնություն, ծեծ, խարդախություններ – ահա՛ պայքարողների ամենահիմնական, ամենահամոզեցուցիչ արգումենտները: Ինչ վերաբերում է դաշնակցականների ենիչերիներին, նրանք գերազանցում են ռուս բռնակալության զինվորներին ու ոստիկաններին: Պետական դումայի ընտրությունների ժամանակ ռուսական բռնակալ բյուրոկրատիան այնքան բռնի ուժ չի գործ դրել, որքան մեր ազգային դաշնակցական բյուրոկրատիան գործադրում է այժմ:

Սոսկալի՜ վիճակ:

Եվ այդ բոլորը տեղի է ունի ոչ միայն գավառներում, ետ ընկած գյուղերում, այլեւ մեր երեւելի «մայրաքաղաքներում»՝ Թիֆլիսում, Բաքվում:

Ի՞նչն է այդ բոլորի պատճառը:

Ամենից առաջ այն, որ ազգային Սահմանադիր ժողովը «վերեւից» տված, դաշնակցական բռունցքի ու խանչալի ծայրի միջոցով «խլված» մի հաստատություն է եւ ոչ ժողովրդական պահանջի արդյունք, գիտակցված հասարակական կարիքի ծնունդ: Դրան ավելանում է այն, որ երկու պայքարող կուսակցություններ, չնայած իրանց այդ մասին ունեցած սուբյեկտիվ հակառակ կարծիքներին, միեւնույն հասարակական խավերի, միեւնույն դասակարգի ներկայացուցիչներն են եւ հետեւաապես նրանց մեջ չի էլ կարող հասարակական-գաղափարական հողի վրա որեւէ լուրջ պայքար մղվել: Մշակական եւ դրոշակական – դրանք, չնայած իրանց փոխադարձ հայհոյանքներին, միեւնույն մեդալի երկու կողմերն են, միեւնույն բուրժուազիայի հարազատ զավակները, այն միակ տարբերությամբ թերեւս, որ նրանց մի մասը սիրահար է քնքուշ ժպիտների, մյուսը՝ բռունցքի ու վառոդի:

10-15 տարիների ընթացքում «Դրոշակը» եղել է «Մշակի» արտասահմանյան հրատարակությունը: Առանց խանգարելու միմյանց, նրանք ծառայել են միեւնույն բուրժուական գործին, աշխատել են խեղդել կովկասահայերի մեջ ամեն մի հեղափոխական ինքնագործունեություն եւ թունավորել են հայ բանվորության հոգին ու գիտակցությունը: Այժմ նրանք եկել են կանգնել միեւնույն հրապարակի վրա, եւ անձնական գծուծ հաշիվներն ու թայֆայական ինտերեսները կռվի են բռնեցրել նրանց, եւ նիզակներ են, կեղտոտ ու բութ նիզակներ, որ կոտրում են նրանք միմյանց դեմ…

Թե ի՞նչ օգուտ պետք է ստանա այդ բոլորից հայ ժողովուրդը, ի՞նչ կարող է տալ նրան այդ ձեւով ընտրված եւ այդպիսի տարրերից կազմված «Սահմանադիր ժողովը» — այդ դժվար չէ գուշակել:

Դաշնակցական բռունցքը ուզում է թագավորել հայկական կյանքում, հաստատել ամեն տեղ իր զինվորական դիկտատուրան, ձեռք գցել բոլոր ազգային հիմնարկությունները, ստեղծել իր արբանյակների համար չաղ-չաղ պաշտոններ: Այդ բոլորը ակնասկած կարող է հաջողվել նրան, մենք հավատում ենք:

Բայց … երեւակայեցեք, ընթերցող, երբեք մենք այնքան լավատես չենք եղել սոցիալ-դեմոկրատիայի ապագայի վերաբերմամբ հայ իրականության մեջ, երբեք այնքան թույլ չի եղել մեր «ահը» դաշնակցականների «հաղթանակների» հանդեպ, որքան ներկայումս: Մի կողմից՝ այն բոլորը, ինչ-որ մենք տեսնում ենք այս ընտրությունների մեջ, եւ այն դերը, որ պետք է կատարե դաշնակցությունը իր դիկտատուրայի ժամանակ, եւ մյուս կողմից՝ հայ բանվորության արթնացող դասակարգային ինքնագիտակցությունը, այն մեծ պոտենցյալ ուժը, որ կուտակվել է նրա մեջ, ամենալավ գրավականներն են գոռոզ դաշնակցության մոտալուտ եւ խայտառակ պարտության:

Զինվորական դիկտատուրան վերջին խոսքն է լինելու մեռնող միապետական բյուրոկրատիայի. նո՛ւյն այդ զինվորական դիկտատուրան վերջին խոսքը կլինի եւ մեր ազգային դաշնակցական բյուրոկրատիայի:

Ըստ՝ Ստեփան Շահումյան, «Ըտրողական պայքարը» (1906), Երկերի լիակատար ժողովածու, հ. 1 (Երեւան: Հայաստան, 1975), էջ 302-305:

հրապարակված է 06.05.2012 «արտերիա» մշակութային քննադատական ամսագրում