Գլխավոր / Առողջապահություն / Իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը, պնդում է հաց բերողի պաշտպանը

Իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը, պնդում է հաց բերողի պաշտպանը

Որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի պաշտպանները ՀՀ դատախազությունից պահանջել են, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդուարդ Հակոբյանը և Արթուր Սարգսյանի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն այդ գործից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։

Պաշտպանը նշել է, որ Արթուր Սարգսյանի գործի քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի և պահանջել, որ տեսաձայնագրվեն Սարգսյանի մահվանից հետո անցկացվելիք դատաբժշկական փորձաքննության ողջ ընթացքը։ Հաց բերողին պաշտպանող փաստաբանների խումբը նաև պահանջում է նրա առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերը հանձնել իրենց։

Եգորյանն ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ Արթուրին վիրահատած բժիշկն արդեն հայտարարություններ է տարածել, թե նրա մահը կապ չունի իր կալանքի և դրա պայմանների հետ:

Այսօր Azatutyun.am-ի  հետ զրույցում Արթուր Սարգսյանի վիրաբույժը նշել է, որ նա ուներ ճողվածք․ խնդիրը բարդանալով առաջացրել է ճողվածքի օղակում։ Բժշկի խոսքով՝ Արթուրի մոտ մեկ օր տանը մնալու պատճառով առաջացել էր նաև պերիտոնիտ, որն էլ բերել էր անդառնալի փոփոխությունների։ Բժիշկը պնդել է, որ Արթուր Սարգսյանի վիճակը ավելի է բարդացել հատկապես նրա ունեցած մի շարք հիվանդությունների պատճառով։

«Ազատության» լրագրողի այն հարցին, թե Արթուր Սարգսյանի մահվանն ինչքանո՞վ է նպաստել նաև բանտում 24 օր տևած հացադուլը, բժիշկը հստակ պատասխան չի տվել։ Նա նշել է, որ երկրորդ հոսպիտալացման ժամանակ արյան սպիտակուցները շատ ցածր են եղել, ինչի պատճառը կարող էին լինել թե՛ հացադուլը, թե՛ պերիտոնիտը․ «Միանշանակ ասել հացադուլի մասին, ցավոք, չենք կարող»։

Բժիշկը համոզված է, որ, հաշվի առնելով դեպքի աղմկահարույց լինելը, կկատարվի անաչառ դատաբժշկական փորձաքննություն ու կպարզվի, թե ինչն է բերել Արթուր Սարգսյանին մահվան։

Նրա խոսքով՝ եթե Արթուրը չհրաժարվեր առաջին հոսպիտալացման ժամանակ ճողվածքի վիրահատությունից, նրա մոտ չէր առաջանա ճողվածքի օղակում, ինչն էլ բժշկի խոսքով, մահվան պատճառ է հանդիսացել։

Տիգրան Եգորյանը համոզված է, որ բժշկի այն հայտարարությունները, որ Սարգսյանի մահվան պատճառը հացադուլը չի եղել, ուղղակիորեն մատնանշում են, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել գործի քննության հիմնական հարցերից:

«Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատավությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության և քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է», — գրել է պաշտպանը։

Հաց բերողի մահվան մասին հայտարարություն էր տարածել նաև Քննչական կոմիտեն՝ նշելով, որ Արթուր Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Սարգսյանի կլինիկական մահը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկներին։

Նա ձերբակալվել էր բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրելուն և կրելուն օժանդակելու մեղադրանքով։

Նրա խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել: Սակայն փետրվարի 9-ին դատարանի որոշմամբ նրան կրկին կալանավորել էին։

Կալանավորման օրվանից սկսած Սարգսյանը հացադուլ էր հայտարարել։ Փետրվարի 27-ին Ազգային ժողովում Սարգսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր սկսել, որին միացել էր 26 պատգամավոր։ Դիմումը պատգամավորներն ուղարկել էին Դատախազություն։

Մարտի 6-ին դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել պատգամավորների դիմումը և ազատ արձակել արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանին։

Մի շարք հիվանդություններ ունեցող Սարգսյանը ազատ արձակվելուց հետո տարել էին հիվանդանոց։ Մի քանի օր անց նա տուն էր տեղափոխվել։

Երեկ երեկոյան Սարգսյանի հարազատները հայտնել էին, որ նա սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան պետք է վիրահատեին։ Իսկ ավելի վաղ հիվանդանոցից հայտնել էին, որ նա մահացել է։