Home / Բանտ / Հաց բերողին սպանել են իշխանությունները․ ակտիվիստի ակցիան Սերժ Սարգսյանի տան մոտ

Հաց բերողին սպանել են իշխանությունները․ ակտիվիստի ակցիան Սերժ Սարգսյանի տան մոտ

Ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին այսօր փորձել է փակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ճանապարհը։ Նրա ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր «Սերժիկ մարդասպան, Սերժիկ սրիկա» և պատկերված էր հաց բերող Արթուր Սարգսյանը։

Գասպարին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան մոտ իր հերթական ակցիան է անցկացրել։ Սովորաբար ակցիաների ժամանակ Գասպարիի պաստառի վրա գրված է լինում «Սերժիկ մարդասպան, Սերժիկ սրիկա»։ Այսօր նա պաստառի վրա ավելացրել էր նաև երեկ հիվանդանոցում մահացած, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի նկարները։

Epress.am-ի հետ զրույցում Գասպարին պատմել է, որ այսօր ակցիայի ժամանակ ինքը փորձել է կանգնել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան դիմաց՝ «վերաբերմունքս ցույց տալու համար», սակայն ոստիկանները թույլ չեն տվել՝ փակելով նրա ճանապարհը։

«Բայց ես վազեցի փողոցի մեջտեղը, ոստիկանն ինձ խանգարում էր, ու միասին ընկանք ճանապարհին, իսկ Սերժի ավտոշարասյունն իր ուղղությունը շեղեց ու մեր կողքով անցավ»,- պատմել է Գասպարին։

Ակտիվիստի համար հստակ է՝ երեկ մահացած Արթուր Սարգսյանին սպանել են իշխանությունները․ «Մենք չգիտեինք, բայց իշխանություններն ու բուժանձնակազմը հաստատ գիտեին, որ Արթուրը մահանալու է։ Երբ փաստաբաններն ահազանգում էին, որ Արթուրը նույնիսկ գլուխը թեքելուց արդեն արյան փսխումներ է ունենում, ՔԿՀ վարչությունը պնդում էր, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում և նա արյուն չի փսխում։ Դա բոլոր օղակներով սառնասրտորեն պլանավորված սպանություն էր»։

Գասպարին համոզված է, որ Արթուր Սարգսյանին սպանել են վրեժխնդրության պատճառով։

«Այդ ստոր արարծներն իրենց շահերի համար սպանեցին, քանի որ չէին կարող ներել Արթուր Սարգսյանի արածը։ Բայց Արթուրը տիտանական օրինակ էր պարզապես․․․ Այս հասարակության և իշխող համակարգի հատկանիշն է՝ ստոր, սառնասիրտ մարդասպաններ, որոնք ամեն ինչի ընդունակ են իրենց շահերի համար»,- ասել է Գասպարին։

Նշենք, որ երեկ Արթուր Սարգսյանի մահվան լուրը տարածվելուց հետո հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել դեպի նախագահական նստավայր։ Եթրի մասնակիցները վանկարկում էին՝ «սպանեցին հաց բերողին»։ Ազգային ժողովի դիմաց ակցիայի մասնակիցները կանգնել են և հացեր շպրտել դարպասներից ներս։