Home / Առողջապահություն / Քրգործ՝ հաց բերողի մահվան դեպքի առթիվ․ քննվելու են բժիշկների գործողությունները

Քրգործ՝ հաց բերողի մահվան դեպքի առթիվ․ քննվելու են բժիշկների գործողությունները

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։ Քննվելու են բժիշկների գործողությունները 130֊րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակներում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականություններն ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելը։

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

«Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը (մահացածի եղբայրը֊խմբ․) ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։

Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին՝ փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչած միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը»,֊ գրել է նա։

Քրեական գործի մասին «Արմենիա» բժշկական կենտրոնից հրաժարվել են մեկնաբանություններ տալ։ Կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ քննիչներն առգրավել են Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը։

Ըստ Գրիգորյանի՝ Արթուր Սարգսյանի մահը ոչ բժշկական սխալի հետևանք է, ոչ էլ նրա 25֊օրյա հացադուլի։ «Արթուր Սարգսյանի մահը կապ չունի նրա առաջին անգամ հիվանդանոց տեղափոխվելու հետ։ Մարտի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոցից» Արթուր Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ՝ միջին ծանրության վիճակում։ Մարտի 7-ին տեղափոխվել է թերապեվտիկ բաժանմունք։ Մարտի 10-ին ինքնակամ լքել է բուժհաստատությունը։ Մարտի 10-15֊ը եղել է տանը։ 15-ին տեղափոխվել է հիվանդանոց «սպիտակ գծի օղակված ճողվածքով»։ Ճողվածքը և դրա օղակումը կապ չունի իր հացադուլի հետ»,֊ ասել է Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ճողվածք ունեցողներից 1000-ից մեկի մոտ կատարվում է օղակում, դա կարող է տեղի ունեցած լինել, օրինակ, հազալուց։