Home / Ազգային ժողով / Հաց բերող Արթուր Սարգսյանն ու նախընտրական քարոզարշավը

Հաց բերող Արթուր Սարգսյանն ու նախընտրական քարոզարշավը

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքն այս կամ այն կերպ սկսել են օգտագործել իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մինչդեռ Արթուր Սարգսյանը մահվանից մի քանի օր առաջ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ ոչ մի քաղաքական ուժի չի սատարելու՝ կոչ անելով բոյկոտել ընտրությունները․

֊Դեկտեմբերի 31-ից մինչև երկրորդ կալանավորումը, բոլոր կուսակցություններից առաջարկություն՝ սատարելու իրենց կուսակցությանը, ստացել եմ, բայց քանի որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի՝ զուտ հայկական հայեցակետով քաղաքական, ես մերժել եմ, չեմ կանգնում որևիցե մեկի կողքին։ Արթուր Սարգսյանը չի գնալու ընտրության, այլ կատարելու է որոշակի քայլեր՝ ընտրությունները վիժեցնելու հետ կապված: Ապրիլի 2-ին ես պարտադիր լինելու եմ Եռաբլուր պանթեոնում՝ ի հիշատակ ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների: Բոյկոտը ճիշտ ձև է․․․

Սարգսյանի մահվանից հետո քաղաքական ուժերն արձագանքեցին դեպքին՝ ցավակցելով, քարոզարշավ հետաձգելով, համերգ չեղարկելով և ընտրությունները՝ որպես իշխանափոխության հնարավորություն օգտագործելու կոչ անելով։

Ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ անգամ իշխող քաղաքական ուժը, որին մեղադրում են Սարգսյանի մահվան մեջ։

Ի նշան բողոքի իր նկատմամբ իրականացվող ապօրինությունների դեմ Արթուր Սարգսյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել բանտում և հրաժարվել բուժօգնությունից։ Այս հանգամանքն ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հետևյալ կերպ է մեկնաբանել․ «Հացադուլի ժամանակ մի քանի անգամ նրա բուժող բժիշկները, շտապօգնությունը նրան առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, նա մերժել է»։ Վերջում ՀՀԿ-ականը հավաստիացրել է՝ ով մեղավոր է, կպատժվի։

«Շատ մեծ ցավ եմ ապրում», – իր հերթին, ասել է հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն չկարողացավ դադարեցնել քարոզարշավը։ Կուսակցությունը նախատեսված հանդիպումներ ուներ, և չէր կարող չհարգել հեռավոր շրջանների բնակիչների հետ վաղուց ձեռք բերված պայմանավորվածությունը: Դրա հետ մեկտեղ Դաշնակցությունը չեղարկել էր նախատեսված բոլոր համերգային ծրագրերը։

Պատգամավոր, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի դաշինքն առավել առաջ անցավ՝ մեկ օրով հետաձգելով քարոզարշավը։ Հատկանշական է, որ Ծառուկյանն այն ԱԺ 27 պատգամավորների թվում չէր, որոնց երաշխավորությամբ փոխվեց «Հաց բերողի» խափանման միջոցը։

Սարգսյանի մահն իշխանությունների կողմից «անուղղակի իմաստով սպանություն» որակեց «Ազատ դեմոկտրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը և խոստացավ ընտրվելու դեպքում ազատագրել Հայաստանը։ Իսկ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպումը կուսակցությունը սկսեց մեկ րոպե լռությամբ։ Մեկ այլ թեկնածու Անահիտ Բախշյանը Սարգսյանի մահը իշխանափոխության ուղերձ համարեց․ «Հրամայական է իշխանափոխություն ն ընտրությունների միջոցով։ Մեր ժողովուրդը, որը թմբիրի մեջ էր, ասում է՝ մեկ է՝ ինձնից ոչինչ կախված չէ, ուշքի եկեք։ Այն իշխանությունը, որը Արթուրին հասցրեց էս օրվան, յուրաքանչյուրիս դուռը գալու է։ Ժողովուրդը պետք է ոչ ասի այս իշխանություններին»,֊ քարոզում էր Բախշյանը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն, իր խոսքով, խորը կսկիծով տեղեկացավ հայ ժողովրդի կողմից սիրված «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին։ Նրա երկրորդ «անհիմն և անիմաստ» կալանավորումն իշխանությունների կողմից այլ կերպ, քան քինախնդրության, հաշվեհարդարի և նողկալի անբարոյականության դրսևորում որակել չենք կարող, ասվում է հայտարարության մեջ:

ՕՐՕ դաշինքը պնդում է՝ հետևողական է լինելու Արթուր Սարգսյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

«Հրապարակ» օրաթերթ, մարտ 9, հարցազրույց Արթուր Սարգսյանի հետ․ «Ես չեմ կանգնի մի այնպիսի մարդու կողքին, որն իր քաղաքականությամբ լինելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, մի ապուշ հայտարարություն արեց, թե Արցախի ազատագրված տարածքները հանդիսանում են օկուպացիոն տարածքներ։ Այդպիսի մարդը տեղ չունի ՀՀ տարածքում։ Ինչպես նաև չեմ կարող կանգնել մի մարդու կողքին, որն ամբողջովին տեղյակ էր ապրիլյան քառօրյա պատերազմին և գործողություններ չիրականացրեց՝ կանխելու համար։ Նաև՝ բանակաշինությանն ուղղված գումարների անփույթ վատնումը»։

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ համայնքում քարոզարշավ իրականացնելիս խոսել էր իշխանությունների կողմից Սարգսյանին խոշտանգումների ենթարկելու պատճառներից՝ նշելով, որ դա արվում է ստեղծված հուսահատության մթնոլորտը խորացնելու համար։ «Չհուսահատվեք, որովհետև ելք կա՛։ Ապրիլի 2֊ին գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք ԵԼՔ դաշինքի օգտին»։