Home / Բանակ / 6 անձի մեղադրում են զորամասի վառելիքը յուրացնելու մեջ

6 անձի մեղադրում են զորամասի վառելիքը յուրացնելու մեջ

Բացահայտվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզում գտնվող զորամասերից մեկում կատարված վառելիքի հափշտակություն, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև զորամասի հրամանատարին և պահեստապետին:

«2016թ. մայիս- օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում: Պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում»,֊ ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

6 մարդու մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 235֊րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 179֊րդ (յուրացնելը կամ վատնելը) հոդվածներով։

Գործն ուղարկվել է դատարան։