Home / Բանակ / Զինվորի ծանր վիրավորումից հետո ՌԴ-ից վերադարձած նրա ընտանիքը ծանր վիճակում է

Զինվորի ծանր վիրավորումից հետո ՌԴ-ից վերադարձած նրա ընտանիքը ծանր վիճակում է

Այս տարվա փետրվարի 8-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մարտակերտի դիրքերում հակառակորդի դիպուկահարի գնդակից վիրավորում ստացած 19-ամյա Կորյուն Կիրակոսյանը վերականգնողական բուժում է ստանում Հայաստանի Կարմիր խաչի հիվանդանոցում։ Չնայած որ բուժման ծախսերը հոգում է Պաշտպանության նախարարությունը, ընտանիքն, այնուամենայնիվ, օգնություն չի ստանում նախկին զինծառայողի խնամքի և այլ հարցերում։ Պաշտպանության նախարարին ուղղված նամակներն էլ մնում են անպատասխան։

Epress.am-ի թղթակիցներն այսօր մի քանի րոպեով կարողացել են տեսակցել Կորյուն Կիրակոսյանին։

Գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած նախկին զինծառայողը հիմա չի քայլում, չի խոսում, շփվում է ժեստերով, աչքերից մեկի տեսողությունը չկա․ բժիշկներն ասում են՝ պետք է սպասել։

Ճիշտ է՝ Կորյունը հիշում է ծնողներին, սակայն չի հիշում թվերն ու տառերը․ «Այսօր իր սպորտի մեդալներն էինք ցույց տալիս, տեսավ, նեղվեց, հոգոց հանեց», – պատմում է մայրը՝ Դիանա Կարագեզյանը։

6- ամսվա զինծառայող Կորյունը 10 տարուց ավել ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Երբ հասել է զորակոչային տարիքին, վերադարձել է Հայաստան։ Ընտանիքը՝ ծնողներն ու 17-ամյա քույրը, մնացել են Ռուսաստանում։ Դեպքից հետո ընտանիքը վերադարձել է և հաստատվել հայրենի Ճամբարակում։ Մայրը մեկ օր առաջ է վերադարձել Ռուսաստանից. գնացել էր ընտանիքի բոլոր իրերը Հայաստան բերելու, քանի որ վերջնականապես հաստատվելու են այստեղ։

Դեպքի մասին Դիանա Կարագեզյանը քիչ բան գիտի․ որդին չի խոսում, ոչինչ չի կարողանում պատմել։

Պաշտոնապես ասել են, որ երբ Կորյունը դիրքերում դիտանցիքից նայել և ինչ-որ գրառումներ է արել, հակառակորդի դիպուկահարը կրակել է։ Գնդակն անցել է ունքի հատվածից և դուրս եկել գլխի հետևից։ Որդու վիրավորվելու լուրը լսել են բարեկամներից, քանի որ Պաշտպանության նախարարությունը, կնոջ խոսքով, իմացել է, որ իրենք Հայաստանում չեն, դրա համար էլ հարազատներին են հաղորդել այդ լուրը։

Կորյունը մի քանի վիրահատություններ է տարել, նախ՝ Ստեփանակերտում, ապա Մուրացաի զինվորական հոսպիտալում։ Հիմա վերականգնողական բուժման փուլն է։

«Բուժումն արտասահմանում անելու մասին խոսք չի եղել, մենք չենք դիմել, իրենք էլ չեն առաջարկել», -պատմում է Կորյունի մայրը։ Նրա խոսքով՝ ճիշտ է բուժման ծախսերը հոգում է Պաշտպանության նախարարությունը, սակայն վիրավորումից հետո ՊՆ-ից ոչ մեկը որդուն այցելության չի գնացել։

Կորյունի հայրը՝ Կամո Կիրակոսյանը, մշտապես տղայի կողքին է՝ հիվանդանոցում, մայրն ամեն օր 4 ժամ ծախսելով գնում-գալիս է Ճամբարակից։ Ամեն օր միայն ճանապարհների համար ընտանիքը ծախսում է մոտ 15 հազար դրամ։ Դեպքից հետո ծնողները չեն աշխատում «հիվանդանոցներում և թղթերով ենք խառը»։

«Մենք այստեղ ոչ մի բան չունենք, միայն մեր բարեկամների միջոցով ենք ապրում», -ասում է զինծառայողի մայրը։

Դեպքից երկու շաբաթ անց զինծառայողի ծնողները փորձել են հանդիպել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի Երևանում ժամանակավոր տուն տրամադրեն ընտանիքին կամ գոնե գումարով օգնեն. «Ուզում էինք տեսնել Վիգեն Սարգսյանին, չթողեցին, դիմում գրեցինք, այդպես էլ անարձագանք մնաց։ Մենք ուզում ենք Երևանում ապրել, քանի որ տղայիս երկար բուժում է հարկավոր։ Մասաժներ Երևանում կարող են միայն անել, մասաժիստը չի կարող ամեն անգամ գալ Ճամբարակ»։

Բացի ճանապարհային ծախսերից՝ ընտանիքն ամեն անգամ Ճամբարակից տղայի համար ուտելիք է բերում․ «Այստեղ ուտելիքը տալիս են, սակայն քանի որ ինքն ամեն բան չի ուտում, դրա համար ամեն ինչ համարյա առնում ենք»։

Օրեր առաջ ընտանիքը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին․ չի արձագանքել, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է՝ այսօր-վաղն կայցելի Կորյունին։

«Իմ տղայի վիճակը նենց է, որ գուցե նա չկարողանա հետագայում ամուսնանա, տուն պահի, իսկ մեզ հիմա ոչնչով չեն օգնում»։