Home / Բնապահպանություն / Արարատյան դաշտը ցամաքացնող ձկնաբույծներին սպառնում են խոշոր տուգանքներով

Արարատյան դաշտը ցամաքացնող ձկնաբույծներին սպառնում են խոշոր տուգանքներով

Արարատյան դաշտավայրում գտնվող ձկնաբուծական տնտեսությունները կարող են խոշոր տուգանքների ենթարկվել, քանի որ 2016 թվականի ընթացքում մոտ 150%-ով թույլատրելից շատ ջուր են օգտագործել: Այս մասին Epress.am֊ին հայտնել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնից։շ

Մեր զրուցակիցը հրաժարվել է կոնկրետ ձկնաբուծարանների և դրանց սեփականատերերի անուններ տալ․ «Ծանուցումն ուղարկվել է բոլորին՝ 124 ձկնաբույծների։ Նրանց մինչև մայիսի 15֊ը ժամանակ է տրվում խախտումները վերացնելու համար, այլապես, տեսչական ստուգումներով հայնտաբերված խախտումների դեպքում, նրանք կտուգանվեն»։

Ծանուցման մեջ նկարագրվում է նաև հնրավոր տուգանքների չափի հաշվարկման մեխանիզմը։

Համաձայն ԲՆ վկայակոչած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի ուսումնասիրությունների՝ 2016 թվականին ջրառը թույլատրելին գերազանցել է 1.57մլրդ մ3 /տարի-ով, իսկ տուգանքները հաշվարկվում են ամեն 1 լ/վրկ ծավալ ջրի համար։ Թույլատրված ջրաքանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն յուրաքանչյուր 1 լ/վրկ համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրապատիկի չափով, գումարային՝ 930690 դրամով։

Մեր այն հարցին, թե խախտումներն վերացնելը արդյոք կազատի 2016 թվականին կատարված անօրինական գործունեության համար հասանելիք տուգանքներից՝ մեզ պատասխանել են․

«Այո, մենք հնարավորություն ենք տալիս ձկնաբուծարաններին, եթե մինչև մայիսի 15֊ը գան, օրինականացնեն իրենց բոլոր անօրինական գործողությունները, այդ դեպքում իրենց վրա չի կիրառվի տույժ ու տուգանքները»,֊ ասել են գործակալությունից։

Հիշեցնենք, որ, համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների մի մասի փաստացի սեփականատերը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Երբ այս մասին դեռ 2013 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է․ «Փոքր երկիր է, մենք գիտենք, թե մամուլին ով է պատվերներ տալիս։ Իմ մասին հրապարակումներ եղան, թե ես ունեմ ձկների արտադրության բիզնես: Հիմա պարզ է՝ ով է այդ հոդվածների պատվիրատուն: Նման բան անելը հարիր չէ պատգամավորին։ ԶԼՄ-ներում պատվերներ տալու փոխարեն զբաղվեք բարեգործությամբ։ Ես ըմբռնումով եմ մոտենում ձեր մաղձին, բայց ինչքան է այն շարունակվելո՞ւ»։