Գլխավոր / Առողջապահություն / «Առաջին դեպքը չէ»․ 2 շաբաթում Sanitek-ի 3 աշխատակից վրաերթի են ենթարկվել

«Առաջին դեպքը չէ»․ 2 շաբաթում Sanitek-ի 3 աշխատակից վրաերթի են ենթարկվել

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Երևանում սանմաքրում և աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության 3 աշխատակցներ վրաերթի են ենթարկվել և այժմ գտնվում են երևանյան տարբեր հիվանդանոցներում։ Այսօր ոտքի վիրահատության է ենթարկվել ընկերության՝ մարտի 27-ին վրաերթի ենթարկված 27-ամյա մի աշխատակից։ Մինչ այժմ հիվանդանոցում է գտնվում մարտի 14-ին Հերացի փողոցում վրաերթի ենթարկված Կարմեն Աբգարյանը։ Մարտի 26-ին էլ Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի հատվածում մեքենան հարվածել է 65-ամյա բանվոր Վոլոդյա Աճեմյանին։ Եվ սրանք մեզ պատահաբար հայտնի դարձած դեպքերն են։

Այսօր Epress.am-ի թղթակիցը հիվանդանոցում հանդիպել է Վոլոդյա Աճեմյանին։ Նրա աջ ոտքը կոտրվել է․ «Սանիթեք»-ի աշխատակիցը պետք է ենթարկվի մի քանի վիրահատությունների։

Աճեմյանը 22 տարի աշխատում է Երևանում աղբահանություն իրականացնող ընկերություններում որպես բանվոր։ «Սանիթեք»-ում նա պետք է փողոցներում դրված աղբի արկղները տեղափոխեր աղբատար մեքենաների մոտ, որոնց մեջ էլ պետք է դատարկվեր աղբը։

Մարտի 26-ին՝ 00։30-ին, Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի դեպի Բաղրամյան տանող հատվածում աղբը մեքենայի մեջ թափելու ժամանակ մի մեքենա հարվածել է Աճեմյանին։

«Դուք կարող եք հեռվից էլ կանգնել ու նայել, թե փողոցում ոնց է կատարվում աշխատանքը։ Մեքենաները երկու ռյադով կանգնած են, գալիս է «Սանիթեք»-ի մեքենան, որտե՞ղ պետք է կանգնի․ 3-րդ ռյադում պետք է չէ՞ կանգնի։ Էլ ո՞նց ուրիշ մեքենա անցնի։ Արդեն բանուկ մասը փակ է։ Ու եկողը էլ չի նայում, գալի խփում, անցնում է», -Աճեմյանի խոսքով՝ իրեն մեքենան հարվածել է փողոցի երթևեկելի մասում, որից հետո ոչինչ չի հիշում։

Նա պատմել է, որ այդ օրն աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնները չեն պահպանվել․ ««Սանիթեք»-ում ոչ մի աշխատողի անվտանգությունը պաշտպանված չի։ Առաջին դեպքը չէ, մշտական էլ «Սանիթեք»-ում այդ վիճակն է։ Օր չկա, որ մարդ մի փորձանքի չհանդիպի»։

Ինչպես և մեր նախորդ զրուցակիցը՝ Կարմեն Աբգարյանը, Աճեմյանն էլ նշել է, որ իրենք պետք է աշխատեն 8 ժամ, սակայն «ո՞վ է օրենքին նայում Հայաստանում»։

Հիվանդանոցի բուժման ծախսերը հոգում է ընկերության տրամադրած բժշկական ապահովագրությունը։ Աճեմյանը, սակայն, տեղյակ չէ, թե չաշխատելու ընթացքում՝ արդյոք փոխհատուցում ստանալու է։

Աճեմյանի ամսական աշխատավարձն է 105 հազար դրամ, սակայն ամիսներ առաջ առանց զգուշացնելու և պատճառաբանելու 20 հազարով իջեցրել են աշխատավարձերը․ «Մեզ չեն բացատրել պայմանագրի կետերը։ Ասել են՝ առեք էս պայմանգիրը, ստորագրեք ու վերջ։ Ուզում եք աշխատեք, ուզում եք մի աշխատեք»։

Վոլոդյա Աճեմյանի հետ զրույցը.

Կարմեն Աբգարյանի հետ զրույցը․