Գլխավոր / Ազգային ժողով / ԿԸՀ-ն չի համարում, որ ՀՀԿ-ն, տնօրեններին գործի դնելով, օրենք է խախտել

ԿԸՀ-ն չի համարում, որ ՀՀԿ-ն, տնօրեններին գործի դնելով, օրենք է խախտել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ մերժել է «ՕՐՕ» դաշինքի կողմից ներկայացված դիմումը, որով քաղաքական ուժը ԿԸՀ-ից պահանջում էր Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու համար դիմել դատարան։

Դիմումի պատճառը՝ վերջերս «Sut.am» կայքի հրապարակած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից արված 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններն են, որտեղ նրանք ասել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակագրմամբ են զբաղվել։ Տնօրենների մեծ մասը պատմել է, որ ցուցակները փոխանցել են վարչական մարմիններին՝ քաղաքապետարաններ, թաղապետարաններ և մարզպետարաններ։

Համաձայն ԿԸՀ որոշման՝ տնօրենները ձայնագրվել են առանց իմացության, ձայնագրողները հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից։ Բացի դրանից՝ մանկավարժների մի մասը ընդգրկված է եղել կուսակցությունների նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքներում։

ԿԸՀ-ի համոզմամբ՝ կուսակցության համախոհների և կողմ քվեարկելու տրամադրաված անձանց անուններ հավաքագրելը չի համարվում նախընտրական քարոզչություն և խախտում։

ՀՀ Գլխավոր դատախազություն կուղարկվի միայն Գյումրու 37 դպրոցի տնօրենի ձայնագրությունը, քանի որ այն պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ: Ձայնագրության մեջ տնօրենն ասում է, որ ցուցակների հավաքագրման գործով զբաղվում են ինքն ու ամուսինը՝ հարկ եղած դեպքում վախեցնելով, որ անպայման Հանրապետականին ընտրեն։

Epress.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ -ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը նշել է, որ միամիտ է մտածել, որ Հայաստանում ՀՀԿ-ին կարող են ընտրապայքարից հանել կամ Դատախազությունն իրապես կքննի վարչական ռեսուսի չարաշահումը․ «Դա իրատեսական սցենար չէ։ Սա պատմություն չէ մի քանի տնօրենների մասին։ Սրանք այն հազարավոր տնօրեններից են միայն, որոնց բախտը չի բերել և հայտնվել են մեր պատահական ընտրված ցուցակում»։

Մեր այն հարցին, թե իրենց աղմկահարույց հրապարակումից հետո կոնկրետ սպառնալիքներ չեն եղե՞լ, Իոաննիսյանը նշել է, որ սպառնալիք չի եղել, սակայն այլ ճանապարհներով փորձել են վարկաբեկել իրեն։

Վերջինս նշել է, որ իշխանական թերթերից մեկում տնօրենների մասին նյութից մեկ օր անց, մի հոդված է հրապարակվել, որտեղ անդրադարձ է կատարվել Իոաննիսյանի ընտանիքի անդամների կողմից տարիներ առաջ ոստիկանությանը ուղղված դիմումներին և ընտանեկան կյանքին վերաբերվող գաղտնի տեղեկություններին։

«Այդ նյութերը Ոստիկանությունում էին շատ վաղուց՝ 2008-2011 թվականներին։ Դրանք հին նյութեր են, մեկ էլ հոպ, դրանք հրապարակվում են։ Խնդիրը այն է, որ այդ նյութերը կային միայն Ոստիկանությունում և գուցե Քննչական կոմիտեում։ Հստակ իրավապահ համակարգն էր այդ տեղեկությունը տրամադրել», -ասել է Իոաննիսյանը։

Տնօրենների անունների հրապարակումից հետո Երևանի տարբեր հատվածներում՝ անցումներում, շենքների պատերին, մանկապարտեզների դարպասներին, հայտնվել են տնօրենների լուսանակարները՝ հետևյալ մակագրությամբ՝ «ընտրակեղծարար», «ծախված «մանկավարժ», «մի՛ դարձեք նրա հանցակիցը»։