Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ական տնօրենների ու քաղբանտարկյալների մասին

ՀՀԿ֊ական տնօրենների ու քաղբանտարկյալների մասին

Դպրոցներին ինքնուրույնությունից զրկելը բերում է նրան, որ կրթությունը սկսում է ծառայել իշխող կուսակցությանը, այլ ոչ թե պետությանը։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Խոստումներից՝ իրականություն. ինչպե՞ս են պատրաստվում լուծել մարդու իրավունքների խնդիրները ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը» խորագրով քննարկման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով sut.am կայքի հրապարակած այն ձայնագրություններին, որտեղ դպրոցի տնօրենները խոստովանում են, որ ձայներ են հավաքում Հանրապետական կուսակցության համար։

Բախշյանի համոզմամբ՝ այդ խնդրում մեղավոր է նաև ՀՀ կրթության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը, ով ոչնչով չի տարբերվում հանրապետականներից։

«Լևոն Մկրտչյանը տարբեր ժամանակահատվածներում եղել է Կրթության և գիտության նախարար, և նրա նշանակումներից մեկի ժամանակ նախարարությունը15 միլիոն դոլարանոց վարկ էր վերցրել ապակենտրոնացնելու համար կրթության կառավարումը, բայց մինչև այսօր ոչ մի բան չի արվել և դպրոցները ծայրաստիճան կուսակցականացված են, այն էլ ուղղահայաց ձևով՝ նախագահից ուղիղ իջնում է դպրոցի տնօրեն»,- նշել է Բախշյանը։

Նա կարծիք է հայտնել, որ գուցե եղել են ՀՅԴ֊ի համար աշխատած տնօրեններ, սակայն նրանք չեն բացահայտվել։

Բանախոսները քննարկել են նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցը։ ՀՅԴ կուսակցության անդամ Բագրատ Եսայանը խորհուրդ է տվել «զգույշ վերաբերվել այդ տերմինին», քանի որ մարդը կարող է ունենալ քաղաքական հայացքներ և միաժամանակ կատարել քրեական հանցագործություն (նկատի ունենալով «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ֊ խմբ․)։ Սակայն Եսայանը համաձայնել է, որ 2016 թվականի ամանորի գիշերը Ազատության հրապարակում ձերբակալված Գևորգ Սաֆարյանը  քաղբանտարկյալ է և հարկավոր է բոլոր միջոցները ներդնել նրան ազատ արձակելու համար։

«Արդյո՞ք քաղաքական հայացքների համար մարդը իրավունք ունի քրեական հանցագործություն անելու և զենքով իշխանություն փոխել։ Սակայն, երբ մարդն իր ակցիան իրականացնելու համար փորձում է Ազատության հրապարակում տոնածառ դնել և ինչ֊որ հիմար ու հաստագլուխ մարդիկ որոշում են, որ նա դա անելու իրավունք չունի և քրեական հոդված են վրեն կպցնում ու ձերբակալում են, այստեղ արդեն ոչ միայն քաղաքական հայացքի հարց ես կդնեի, այլ իշխանական լիազորությունը չարաշահելու հարց։ Ո՞վ է այն հաստագլուխը, որ որոշել է, թե ինչ-որ մեկը իրավունք ունի տոնածառ դնել, թե չէ։ Ես համաձայն եմ, որ դատական իշխանության անկախությոնը առաջնային խնդիր է դառնում»,-նշել է Եսայանը։

Պատգամավորի թեկնածուն հույս է հայտնել, որ Գևորգ Սաֆարյանի հարցը, հասնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, լուծում կստանա․ «Ես այստեղ նաև խնդիր կդնեի, որ նման ապօրինի որոշում կայացրած դատավորը ոչ միայն հեռացվեր պաշտոնից այլ նաև հարված հասցվեր նրա գրպանին, և նա Գևորգ Սաֆարյանի բանտում անցկացրած ամեն ամսվա համար փոխհատուցում վճարի»։