Home / Ազգային ժողով / Նստացույց անող Սարի թաղի բնակիչները կոչ են անում ձայն չտալ ՀՀԿ֊ին

Նստացույց անող Սարի թաղի բնակիչները կոչ են անում ձայն չտալ ՀՀԿ֊ին

Սարի թաղի գործով ձերբակալված 10 բնակիչների հարազատներն արդեն 4-րդ օրն է նստացույց են անցկացնում ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով կամ ազատ արձակել իրենց բարեկամներին, կամ հստակեցնել նրանց մեղադրանքը։

Ձերբակալված Էդվարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ միայն նստացույցի առաջին օրը Դատախազության աշխատակից Բաղդասարյանն իրենց հրավիրել է իր աշխատասենյակ, սակայն ոչ մի հստակ պատասխան չի տվել ցուցարարներին։ Դրանից հետո ոչ մի պաշտոնյա բողոքողներով չի հետաքրքրվել։

Սարի Թաղի բնակիչները համոզված են, որ իրենց հարազատների ապօրինի ձերբակալությունը Հանրապետական կուսակցության ձեռքի գործն է․ նրանք հորդորում են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ ՀՀԿ-ին։

«Ես կոչ եմ անում Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիներին և, հատկապես, Սարի թաղի բնակիչներին իրենց ձայնը չտալ ՀՀԿ֊ին, որովհետև ՀՀԿ-ի օրոք են մեր տղաները ապօրինաբար ձերբակալվել և մինչև հիմա պահվում են բանտերում ու խոշտանգվում։ Հանրապետականները հասել են բեսպրիդելի գագաթնակետին ու իրանք են որոշում, թե ով որտեղ նստի ու ինչ անի»,- նշել է Բեռնեցյանը։

Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ, որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։