Home / Ազգային ժողով / Որ ուժերն են ընտրակաշառք բաժանում, ինչպես են չարաշահում վարչական ռեսուրսը․ ուսումնասիրություն

Որ ուժերն են ընտրակաշառք բաժանում, ինչպես են չարաշահում վարչական ռեսուրսը․ ուսումնասիրություն

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ընտրակաշառք բաժանում են Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը։ Ավելի քիչ հաղորդումներ կան ՀՅԴ֊ի և «Հայկական վերածնունդ»-ի մասին։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր ներկայացրել է վարչական ռեսուրսի չարաշահման մասին մարտի 13-ից 24-ը հավաքագրված տեղակատվությունը։ Նախորդ անգամ կենտրոնը ներկայացրել էր մարտի 2-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիտորինգի արդյունքները։

Խոսելով վարչական ռեսուրսի խախտումներ մասին՝ Հոկտանյանն ընդգծել է՝ պետք է նկատի առնել, որ առաջին հերթին դա անում է իշխող կուսակցությունը, քանի որ այդ ռեսուրսի տիրապետողը նա է։

Ըստ Հոկտանյանի՝ իշխանությունը վարչական ռեսուրսները չարաշահում է մարզպետարանների, նախարարությունների, քաղաքապետարանների միջոցով։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի բաժանելու հարցին, Հոկտանյանն ասել է․ «Եթե փորձենք ընտրակաշառքը վարչական ռեսուրսի չարաշահում դիտարկել, դա կարող ենք անել մեկ դեպքում՝ եթե ապացուցվում է, որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել»։

Ներկայացվել են վարչական ռեսուրսի խախտման օրինակներ․ 24 դեպքում տեղամասային և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները մասնակցել են քարոզարշավին։ 22 դեպքում՝ պաշտոնյաններն աշխատանքի ընթացքում մասնակցել են քարոզարշավին։

Բավական տարածված են եղել խոչնդոտները ոչ իշխանական ուժերի քարոզարշավներին, որոնք արտահայտվել են անուղղակի կերպով՝ տարածքներ չտրամադրելով։

Հոկտանյանն անդրադարձել է նաև կոնկրետ դեպքերի։ Օրինակ՝ Արարատի մարզի Բերքանուշ համայնքում մարտի 20-ին հիվանդանոցի աշխատողներն աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի։ Մարզի Այգավան համայնքում ոստիկանութան ճնշումների հետևանքով «Ելք»-ի թեկնածուին շտաբ չեն տրամադրել։

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում ՀՀԿ թեկնածու Աշոտ Արսենյանը ուղղակի պահանջել է, որ գյուղը իր համար ապահովի 400 ձայն։

Կազմակերպության տվյալներով՝ այս ընթացքում իրավապահ մարմինները ստացել են ընտրական հանցագործության մասին 176 հաղորդում, սակայն միայն երեքի մասով է ստուգում գնում։

«Ոստիկանությունը, դատախազությունը և իրավապահ այլ մարմիններ իրենք իշխանությանն են ծառայում և նույն ձևի կծառայեն իշխանափոխության դեպքում», – ասել է Հոկտանյանը։