Home / Ազգային ժողով / Դիտորդներն ընտրատեղամասերում առավոտից խախտումներ են արձանագրել

Դիտորդներն ընտրատեղամասերում առավոտից խախտումներ են արձանագրել

Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մեկնարկից 3 ժամ անց Հայաստանի տարբեր ընտրատարածքներում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արդեն գրանցել են մի շարք ընտրախախտումներ։

Ընտրախախտումների հետ կապված առավել մեծ ահազանգերը ստացվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա 7/9, Էրեբունի 10/39, 10/5, Կենտրոնի 9/44, 9/36, 9/37, 9/35, 9/16, 9/30, Նոր Նորքի 2/30 հասցեներում (կուտակումներ, ընտրողների ուղղորդում, տեխնիակական սարքերի աշխատանքի խափանում կամ բացակայություն)։

Մասնավորապես, Կենտրոնի 9/44 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում, ընտրողի քվեարկության վերահսկողություն այլ անձի կողմից, ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտում, օգնելու իրավունք չունեցող անձի կողմից ընտրողին օգնելը։ Կենտրոնի 9/52 ընտրատեղամասում եղել են բազմակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր։

Էրեբունի 10/5 ընտրատեղամասում գրանցվել են քվեարկության գաղտնիության խախտում, ընտրողի քվեարկության վերահսկողություն այլ անձի կողմից, կողմնակի անձանց ներկայություն, վկայական չունեցող անձանց կամ թույլատրելիից ավելի ներկայացուցիչների ներկայություն տեղամասում, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասի մոտակայքում։

Մալաթիա-Սեբաստիա 7/39 ընտրատեղամասում գրանցվել են տեխնիկական սարքի հետ կապված խնդիրներ․ տեխնիկական սարքի խափանում կամ բացակայություն։

Արաբկիրի 4/44 ընտրատեղամասում ընտրողներին ուղղորդում կամ հուշում են։

Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի 36/29 ընտրատեղամասում բացակայում է թեքահարթակը․ «Դռները նույնպես բավականին նեղ են։ Անվասայլակով ընտրողները բառացիորեն չեն կարող մուտք գործել ընտրատարածք»։

Լոռու մարզի Վանաձորի 23/21 ընտրատեղամասում բազմաթիվ են ուղեկցող/օգնող անձինք, քվեարկողներ, որոնք օգնության կարիք չունեն: Դիտորդի դիտարկմանը, թե ինչ խնդիր ունեք, որ ձեզ ուղեկցում են, նա ասաց, որ ոչ մի, ուղղակի չեն վստահում, որ իրենց ուզած ձևով կքվեարկեմ: Նախագահը հեռացրել է այդ օգնողին՝ չթողնելով քվեախցիկ։