Home / Ազգային ժողով / Ընտրախախտումներ՝ Գյումրիում․ Չոռնի Անոն մարդկանց տեղամաս է բերում

Ընտրախախտումներ՝ Գյումրիում․ Չոռնի Անոն մարդկանց տեղամաս է բերում

Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում քվեաթերթիկներ է դուրս բերվում և կարուսել է իրականացվում, ահազանգում են լրագրողները։ Այստեղ, ինչպես բազմաթիվ նախորդ ընտրությունների ընթացքում, «ռուլիտ է անում», Գյումրիում «Չոռնի Անո» մականունով հայտնի միջին տարիքի կինը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուս Հովհաննիսյանը, ով ահազանգով եկել էր այդ ընտրատեղամաս, Azatutyun.am-ի հետ զրույցում նշել է, որ նկատել է ընտրատեղամասի մոտ հավաքված մի խումբ կանանց, որոնք քվեաթերթիկներ են բաժանում մարդկանց և ուղղորդում դեպի ընտրատեղամաս։ Նա նշել է, որ այդ կանանց շատ լավ է ճանաչում և գիտի, թե ում համար են աշխատում նրանք՝ չնշելով անուններ։

Գյումրեցիները, սակայն, լավ գիտեն, որ «Չոռնի Անոն» մշտապես աշխատում է իշխող կուսակցության համար։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում մեր լրագրողների հետ զրուցած Գյումրիի բնակիչները պատմել են, որ «Զանգակ» մանկապարտեզում միշտ էլ ամենախնդրահարույց տեղամասն է եղել, իսկ «Չոռնի Անոն» ձայներ է ապահովում ՀՀԿ-ի համար։

Ինքը՝ Անոն, Azatutyun.am-ի լրագրողի հետ զրույցում այսօր էլ չի ժխտել, որ մարդկանց ընտրատեղամաս է ուղղորդում․ «Բերում եմ, լավ եմ անում։ Տներից բերել եմ ու էլի կբերեմ, խնդիր էլ չեմ տեսնում։ Հիմա էլ գնում եմ, որ բերեմ»։

Galatv.am-ը, իր հերթին, տեղեկացրել է, որ Գյումրիում ցուցակներով շրջող քաղաքացիներ կան, ովքեր ուղղորդում են մարդկանց։ Որոշ տեղամասերի մոտ միկրոավտոբուսներ և մեքենաներ են կանգնում՝ քվեարկության բերելով մարդկանց։

Կայքի փոխանցմամբ՝ Գյումրու թիվ 26 հիմնական դպրոցի հարևանությամբ, «Մուշ» խանութի դիմաց միկրոավտոբուսներով ընտրողների են տեղափոխել, նրանց հենց միկրոավտոբուսների մեջ հեռախոսներ են բաժանել, որոնցով ընտրողները կարողանան նկարել իրենց քվեաթերթիկը, իսկ Գյումրու պետական մանկավարժական համալսարանի դիմաց ՝ գազելների մեջ, գումար են բաժանվել: