Home / Ազգային ժողով / Եզդիական կազմակերպությունը պահանջում է պատժել պատգամավորության թեկնածուին

Եզդիական կազմակերպությունը պահանջում է պատժել պատգամավորության թեկնածուին

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Անուշ Զուրաբյանն երեկ իր ֆեյսբուքյան էջում վիրավորական գրառումներ է կատարել եզդիական համայնքի հասցեին․ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ», «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի, սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք» և այլն։

«Եզդիների ազգային կոմիտե»-ն հայտարարտություն է տարածել, որով կոչ է արել ՀԱԿ կուսակցությանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին արտահայտել կուսակցության և դաշինքի պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ և ներողություն խնդրել եզդի ժողովրդից ատելության կոչերի և վիրավորանքի համար։

«Անուշ Զուրաբյանն այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը, տարածում է ատելության կոչեր՝ սեպ խրելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մեջ։ Պատգամավորության թեկնածուն, լինելով հանրային դեմք, տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը», -նշված է հայտարարության մեջ։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, իր հերթին, իրավապահ մարմիններին կոչ է արել «հետևողական լինել և սկսել իրավական պրոցես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանի դեմ»:

Նշենք, որ այդ գրառումները կատարելուց հետո, մեծ թվով օգտատերեր իրենց մեկնաբանություններում քննադատել են Զուրաբյանին, վիրավորել նրան։ Մի քանի ժամ անց Զուրաբյանն այդ գրառումները հեռացրել է իր էջից։