Home / Առողջապահություն / Մահացած «սիմուլյանտ» դատապարտյալը խանգարում էր «բիզնես-կենտրոն» բանտերին

Մահացած «սիմուլյանտ» դատապարտյալը խանգարում էր «բիզնես-կենտրոն» բանտերին

Կալանքի հետ անհամատեղելի Պարկինսոնի համախտանիշ ունեցող «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Հրաչյա Գևորգյանի մահը պատահականություն չէր և կարող էր կապված լինել կալանավորի կողմից բանտի բարքերի մասին բարձրաձայնումների հետ։ Այս մասին Գևորգյանի մահվան կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դատարանում նրա շահերը պաշտպանող «Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։

«Ինքն իր լինելով շատ մարդու էր խանգարում, որովհետև բանտի խնդիրների մասին էր խոսում», -ասել է իրավապաշտպանը։ Նրա խոսքով՝ բանտից ուղարկված նամակներում Գևորգյանը որպես իր հասցե նշում էր «Նուբարաշեն բիզնես-կենտրոն» (նախկինում այնտեղ է պահվել-խմբ․), քանի որ, ըստ դատապարտյալի, այն ինչ հնարավոր չէր դրսում ծախել, բանտում հանգիստ կարելի է ծախել կամ գտնել։

Մասնավորպես, Գևորգյանն իր նամակներում պատմել էր բանտում թմրանյութի շատ մեծ շրջանառության մասին, որը հենց բանտի աշխատակիցների միջոցով էր կատարվում։

«Արվեց ամեն ինչ, որ չլինեն համակարգի բիզնես աշխատանքներին խանգարող մարդիկ․․․Գևորգյանին եթե չեն սպանել, ապա նրան հատուկ բավարար բուժօգնություն ցույց չեն տվել», -ասել է Կարապետյանցը։

Տարիներ շարունակ հացադուլների, նամակների միջոցով Գևորգյանը պահանջել է իրեն պատշաճ բուժօգնություն ցույց տալ։ Նրա պաշտպանները դիմել են պատկան մարմիններին, սակայն և՛ Արդարադատության նախարարությունից, և՛ Քրեակատարողական վարչությունից պատասխանել են, որ ցուցաբերվում է բավարար բուժօգնություն, և հիմքեր չկան Գևորգյանին պատժից ազատելու համար։

Փաստաբանն իր դժգոհությունն է հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Բազմիցս դիմել ենք այնտեղ, ասել են՝ մենք լավ ծանոթ ենք գործին, և ասացին՝ ինքը սիմուլյանտ է։ Բայց Պարկինսոնը հնարավոր չէ ձևացնել։ Անգամ ես չեմ զարմանա, որ ասեն՝ նրա մահն էլ է սիմուլյանտություն», ֊ ասել է Կարապետյանցը։

Գևորգյանի վերջին հացադուլը տևել է 57 օր, որի ողջ ընթացքում նա ի նշան բողոքի կարել է բերանը։ Բացի բուժօգնությունից, այդ հացադուլի ժամանակ կալանավորը պահանջում էր նաև իր խցում զուգարանակոնք տեղադրել, քանի որ սալյակով չէր կարող խցից դուրս գալ և օգտվել զուգարանից։

Գևորգյանի մահվան մասին պաշտպաններին հեռախոսազանգի միջոցով հայտնել է բանտի կալանավորներից մեկը։

«Երեկոյան մոտ 20։30-ի սահմաններում մենք իմացանք դեպքի մասին։ Դեպքի մասին ֆեյսբուքում մեր հրապարակումից հետո միայն ինձ գիշերը 11-ին զանգահարեցին ՔԿՀ-ից և ասացին Գևորգյանի մահվան մասին», -պատմել է Կարապետյանցը՝ նշելով, որ մահը, իրենց տեղեկություններով, շատ ավելի վաղ՝ 17։30-ին է տեղի ունեցել, սակայն իրենց ուշ են հայտնել։

Միաժամանակ հեռախոսազանգով պաշտպաններին հայտնել են, որ առավոտյան 9։00-ին կատարվելու է Գևորգյանի դիահերձումը, որին կարող է մասնակցել նաև պաշտպանների կողմից բերված փորձագետը։

«Գիշերն ասել, որ 9-ին պետք է ներկա գտնվել դիահերձման, դա դիտավորություն է, որ մեզ թույլ չտան ներգրավվել մասնագետ», ֊ նշել է «Հելսինկյան ասոցիացիայի» ղեկավարը։

Չնայած որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, այնուամենայնիվ, պաշտպանները հույս չունեն, որ ինչ-որ մեկը կարող է պատժվել։

«Ամեն դեպքում ձեռքներս ծալած չենք նստի։ Սպասենք փորձաքննության պատասխաններին», -ասել է Կարապետյանցը։

Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։ Նա մի քանի անգամ բռնությունների է ենթարկվել բանտում։ Գևորգյանը նաև նշում էր, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրաստիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։ 2013 թվականի վերջին՝ Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին ինքնահրկիզման փորձի է դիմել՝ ի պաշտպանություն որդու իրավունքների: