Home / Բանտ / Կառավարությունը չի կատարում «Սասնա ծռերի» անդամի վերաբերյալ ՄԻԵԴ-ի պահանջը․ փաստաբան

Կառավարությունը չի կատարում «Սասնա ծռերի» անդամի վերաբերյալ ՄԻԵԴ-ի պահանջը․ փաստաբան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությունից պահանջել է անհապաղ բուժօգնություն ցուցաբերել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, սակայն վերջինս մինչև այսօր ոչ մի բուժօգնություն չի ստացել և շարունակում է խոշտանգվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը մինչև ապրիլի 18-ը ժամանակ է տվել և 3 պահանջ է ներկայացրել, որոնցից ամենահրատապը Հարությունյանին անհապաղ բուժօգնություն ցուցաբերելն է։ Սակայն պահանջը մինչև այսօր չի կատարվել և Հովհաննեսը շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում մնալ։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Եվրոպական դատարանը նաև պահանջել է Հովհաննեսի հետագա բուժումը շարունակելու նպատակով բժշկական խումբ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի ընդգրկել նաև Հարությունյանի հարազատների կողմից առաջարկած մասնագետներին։

«Հովհաննեսին ոչ մի տեսակ բուժօգնություն չի ցուցաբերվել, միայն մարտի 21- ին Հովհաննեսը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ասել են, որ նրան հիվանդանոցում պահելու հիմք չկա և պետք է տեղափոխվի վնասվածքաբանական կենտրոն, քանի որ «Աստղիկում» փակվել էր ոսկրային ինֆենկցիոն կենտրոնը։

Ինձ տեղեկացրել էին, որ Հովհաննեսին տեղափոխում են կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ, այնինչ առանց իմ իմացության Հովհաննեսին տեղափոխել էին վնասվածքաբանական կենտրոն և ինչ որ հետազոտություններ անցկացրել։ Արդյուքնում ստացվում է, որ ՄԻԵԴ-ի առաջին պահանջը չի կատարվել, և Հովհաննեսին միայն հետազոտել են, բայց օգնություն այդպես էլ չեն ցուցաբերել»,- ասել է Սարգսյանը։

Փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ու ճշումները շատացել են հատկապես ՄԻԵԴ-ի որոշումից հետո։

«Հովհաննեսն այժմ էլ անտանելի ցավերի մեջ է, սակայն նրան ոչ մի օգնություն չի ցուցաբերվում։ Երբեմն անգամ, երբ Հովհաննեսը անտանելի ցավեր է ունենում և հարկավոր է լինում, որ ցավազրկող ներարկվի, խցի դուռը միտումնավոր չեն բացում՝ ասելով, թե բանալի չունեն, ու Հովհաննեսը ամբողջ գիշեր ստիպված է լինում այդ ցավերի մեջ մնալ։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդը անտանելի ցավերի մեջ խոշտանգվի։ Նրա մոտ նաև ներքին օրգանների խնդիրներ են առաջացել, հատկապես լյարդի և երիկամների հատվածում ցավեր ունի, իսկ վերջին շրջանում աղիների հետ կապված խնդիրներ կան և արհնահոսության դեպքեր են եղել»,- ասել է պաշտպանը։

Սարգսյանը տեղեկացրել է, որ այժմ Հովհաննեսը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանադանոցում, որը գտնվում է հակասանիտարական ահավոր վիճակում․ «ՄԻԵԴ-ի որոշումից հետո նրա նկատմամբ ճնշումներն ավելի խստացան ու անընդհատ սպառնում են, որ ավելի վատ վիճակում կհայտնվի, եթե խելոք չմնա»։

Պաշտպանի խոսքով՝ պետությունը նաև ամեն կերպ ձգձգում է Հովհաննեսի հետագա բուժումը կազմակերպելու նպատակով բժշկական խումբ ստեղծելու գործընթացը․ «Հովհաննեսի ծնողները մեծ գումարների շնորհիվ արտերկրից բժիշկներ էին հրավիրել հետազոտություններ իրականացնելու համար, սակայն Կառավարությունն այնքան ձգձգեց այդ գործընթացը, որ բժիշկներն առանց հետազոտությունն իրականացնելու հեռացան։ Դրանցի բացի, նրանք անընդհատ ինչ֊որ խնդիրներ են ստեղծում, որոնց արդյուքնում հետաձգվում է գործընթացը»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը:

Նշենք, որ Հովհաննես Հարությունայնը մեղադրվում է 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։